ՀՀ Փաստաբանների պալատի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողանում վճռաբեկության փուլում կատարվող կամայականությունների դեմն առնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի աշխատակից Հայկ Ալումյանը, ով նաև տեղեկացրեց, նախորդ տարի նախաձեռնած գործադուլը փաստաբանների կողմից կշարունակվի նաև այս տարի հունիսի 10¬-ին և 11-¬ին:
«Այս տարի արդեն մեզ է միացել մոտավորապես 50 փաստաբան, և հույս ունենք, որ մինչ գործադուլի օրը նրանց թիվը կավելանա»,¬ իր խոսքում ավելացրեց փաստաբանը:
Նա նաև նշեց, որ որևէ ակնհայտ փոփոխություն չարձանագրելու դեպքում, նրանց գործադուլն ավելի երկար կտևի: Փաստաբանի խոսքերով ամենաարատավոր երևույթը դատական գործընթացների անհարկի ձգձգելն է:
«Կան շատ այլ լուրջ խնդիրներ, բայց առավել կարևորը վճռաբեկի անկանխատեսելիությունն ու դատական գործերի անհարկի ձգձգելն է»,¬գնահատեց Հ.Ալումյանը: Իսկ փաստաբան Նարինե Ռշտունու համոզմամբ՝ Հանրապետությունում իրավական որոշակի ստույգ դրույթ չի գործում: «Մենք մեր վստահորդներին չենք կարողանում երաշխավորել, արդյոք վճռաբեկում կլինի այն, ինչի ակնկալիք մենք ունենք: Ես իմ վստահորդին ի՞նչ ասեմ՝ մենք ապրում ենք օրինակա՞ն երկրում»,¬նկատեց Ռշտունին:
Ներկա բոլոր փաստաբանների հավաստմամբ՝ օրենքից ելնելով՝ վճռաբեկում պետք է հիմնավոր պատճառաբանություններ տան, թե ինչու է դատը երկար ժամանակով հետաձգվում կամ ինչու շատ դատական գործերի վարույթ չի ընդունվում: Փաստաբան Գևորգ Դավթյանն էլ պնդում է, որ խնդիրը հիմնականում վճռաբեկում է, քանի որ յուրաքնչյուր խախտման հիմնական պատասխանատուն վճռաբեկն է:
Նա նաև ավելացրեց, որ վերաքննիչ դատարանը կայացնում է իրար հակասող որոշումներ:
Արա Զաքարյանի գնահատմամբ՝ գերակշռող մեծամասնությունը դժգոհ է վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներից: Իր խոսքում նա նաև ավելացրեց.«Վճռաբեկն իր արատավորված մտածելակերպը պետք է փոխի: Որոշ անձինք ասում են՝ «մենք իրավունքի դատարան ենք, քննում ենք միայն լուրջ գործեր», բայց օրենքը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմելու վճռաբեկ դատարան, և միայն հիմնավոր պատճառաբանությունների դեպքում կարող է վարույթ չիրականացվել»:
Սրա հետ կապված Նարինե Ռշտունին բերեց մեկ դեպքի օրինակ, երբ դատապարտյալի դատավճիռը հետաձգվեց այնքան ժամանակ, մինչև վերջինս բանտախցում մահացավ:
«Մի՞թե սա լուրջ դեպք չէ»,¬ իր հարցը հղում է Վճռաբեկ դատարանին:

Վերջում Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց հստակ պահանջները կներկայացնեն հունիսի 10¬ին, իսկ այժմ նրանք նպատակ ունեն տեղեկացնելու հանրությանն ու իշխանությանը առկա լուրջ խնդրի մասին: «Եթե չեն ցանկանում, որ յուրաքնչյուր տուժող դիմի Եվրոդատարան, և սրա հետևանքով տուգանքը գանձվի ՀՀ բյուջեից, ապա պետք է իրենց նեղություն տան և իջնեն «իրենց բարձունքից»,¬ասաց Ալումյանը:
Նա նաև վերոնշյալ վիճակը ներկայացրեց այս կերպ՝ հիվանդը դատական համակարգն է, բժիշկը՝ իշխանությունները (դատական, օրենսդիր, գործադիր), ախտորոշողները՝ փաստաբանները: