Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, եւ Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլեւ՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից եւ Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու եւ առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների:
Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: