Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Վերջինս նշեց, որ կրակոցներն այս պահին ավարտվել են և երկար չեն տևել: Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև Բաղանիսի գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ:
«Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ Տեղական ինքնակառավարման մարմինները մանրամասներ կներկայացնեն, թե քանի անասուն է վիրավորում ստացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Նյութի աղբյուրը՝ Tert.am