Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի զինուժի հարձակման փորձի տեսանյութը:
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաեւ հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»,-նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Աննա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված է Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում: