Դաշնակցությունն արդեն հայտարարել է, որ ընտրություններից մի քանի օր առաջ հայտարարությամբ հանդես կգա և կասի, թե իր ընտրողները ինչպիսի ընտրություն կատարեն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ես հակված եմ գնալ և քվեաթերթիկի վրա գրելու եմ բոլորին դեմ»,-ասաց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ ցավոք այսօր ընտրական օրենսգրքում բացակայում է այն նորմը, որ կար նախկինում` բոլորին դեմ քվեարկելու տարբերակը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ըստ էության անվավեր դարձնելով քվեաթերթիկը, ընտրությունները կհամարի անվավեր և շեշտեց. «Հայաստանում չկա ժողովրդավարական ընտրություն»:

Դաշնակցական պատգամավորն անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ տված հարցազրույցին ՀԱԿ-ը կուսակցություն վերածելու հատվածին, ասաց. «ՀԱԿ-ը վաղուց վեր էր ածվել քառակուսի անիվի» և հավելեց, որ դա իրավիճակին համապատասխան է:

Արմեն Ռուստամյանը նշեց նաև, որ նախագահի ընտրված թեկնածուին շնորհավորելու միտք չունի և ընդգծեց. «Ինչը շնորհավորենք, եթե ընտրությունները շինծու են»: