Մարտի 3-ին 14:00-ին, «Տոնուս-Լես» ՍՊԸ-ում տեղի ունեցավ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիային (ԲԱՀՔ) վերաբերող 1-ին հայալեզու գրքի՝ «Կիրառական բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա» շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետի տեղակալ Վիկտոր Միքայելյանը, ներքին աուդիտի վարչության պետ Արայիկ Քուրդյանը, ակադեմիկ Շավարշ Գրիգորյանը, ներկայացուցիչներ ՀԱՀ-ից, ՀՊՃՀ-ից, ԵՊՀ-ից, Հայ-Ռուսական Սլավոնական համալասարանից, Չափագիտության Ազգային Ինստիտուտից, դեղագործական ընկերություններից, ազգային և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև քրոմատագրաֆիայով զբաղվող մասնագետներ և ուսանողներ:
Նախ, «Տոնուս-Լես» ընկերության մարքեթինգի և PR մասնագետ Հերմինե Պողոսյանը ներկայացրեց գիրքը՝ ասելով, որ այն ոլորտում առաջին հայալեզու տպագիր աշխատանքն է:
-Կարծում եմ, որ սա բավականին լուրջ, պատասխանատու և համարձակ քայլ է: Վստահ կարող եմ ասել, որ գիրքը կարճ ժամանակում կդառնա ուղեցույց և լուրջ աջակցություն ոչ միայն լաբորատորիաների, քրոմատագրաֆիայով զբաղվող մասնագետների, այլև տարբեր կազմակերպությունների և, ինչու ոչ, ուսանողների համար: Թերևս սրանք են եղել այն շարժառիթները, որոնք ստիպեցին «Տոնուս-Լես» ընկերությանը ստանձնել գրքի տպագրման պատասխանատվությունը, հանձին՝ նախագահ պարոն Հակոբյանի: Մենք փորձ ենք ունեցել այս գրքի հիման վրա կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, այստեղ էլ ունենք մասնակիցներ, ովքեր արդեն իսկ հաջողությամբ աշխատում են մեզ մոտ: Կարող եմ փաստել, որ դասընթացը ավարտողները մի քանի անգամ բարձրացնում են իրենց մասնագիտական գիտելիքները:
Այնուհետև գրքի հեղինակ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Հայրապետյանը ներկայացրեց գրքի առանցքային կետերն ու առանձնահատկությունները:
- Ուզում եմ սկսել Ֆրենսիս Բեկոնի հայտնի ասույթով՝ «Գիտությունն ուժ է»: Իհարկե, Բեկոնն ի նկատի չի ունեցել կոնկրետ գիտությունը, այլ այն որպես իմացություն, որի առաջին աստիճանը տեղեկատվությունն է: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում ստեղծել եղանակներ, մեթոդներ այդ տեղեկատվությունը տեսնելու, գտնելու, առավել ևս, եթե այն իրենից վտանգ է ներկայացնում: Աշխարհն այսօր կարելի է համեմատել տեղեկատվական ջունգլիի հետ, և ով տիրապետում է լավ գործիքների, նա էլ կարող է պաշտպանված լինել: Հենց այսպիսի զենք է քրոմատագրաֆիան:
Այսօր անալիտիկ լաբորատորիաները հանդիսանում են նաև ռազմավարական հիմնարկներ: Սրանք կարևորագույն հարթակներ են, որպեսզի տվյալ երկիրը կարողանա բոլոր ֆրոնտերում իրեն պաշտպանված զգալ: Հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին է Հայաստանը, որը պատերազմող երկիր է, և նրա նկատմամբ իրականացվող ոտնձգությունները ոչ ոք չի կարող բացատրել: Նման ոտնձգություններ կարող են լինել սննդամթերքի, դեղերի, սպառման ապրանքների ոլորտներում, կարող են նաև արտահայտվել վտանգավոր նյութերի՝ թմրանյութերի, սննդային և այլ թույների ներկրմամբ և այլն: Այս ուղղություններով մեր թշնամիները կարող են կանխամտածված կերպով քայլեր իրականացնել: Այդ վտանգները, ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու համար քրոմատագրաֆիան հզոր ուժ է հանդիսանում: Օգտակար տեղեկատվությանը բոլորը տեր են կանգնում, վատն է, որ մնում է անպատասխան:
«FDA lab» փորձարկման լաբորատորիայի գերակա անալիտիկական ուղղությունները հանդիսանում են քրոմատագրաֆիկական անալիզի եղանակները: Մենք կիրառում ենք դրա եղանակների համարյա բոլոր տեսակները:
Ես, ինձ վրա մեծ պատասխանատվություն վերցնելով՝ կասեի՝ ԲԱՀՔ-ն այսօր դարձել է անալիտիկ միջոցների ամենահզոր միջոցներից մեկը՝ իր ընդգրկվածությամբ և ճկունությամբ:
ԲԱՀՔ-ը կիրառվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քիմիան, կենսաբանական գիտությունները, դեղագործությունը, լայն սպառման ապրանքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, դատաբժշկական և այլ փորձաքննությունները, քիմիական և սննդի արդյունաբերության հումքի կիսաֆաբրիկատ նյութերի որակի վերահսկումը և այլն: Նշեմ, որ ԲԱՀՔ-ը իր զարգացմամբ պարտական է դեղագործության ոլորտին, քանի որ այս ոլորտի առաջադրած խնդիրների հաջող լուծման շնորհիվ մեթոդը սկսել է զարգանալ:
Նշեմ նաև, որ քրոմատագրաֆիական համակարգում ամենակարևոր գործող մասը քրոմատագրաֆիական աշտարակն է, որը պողպատյա կամ պոլիմերային խողովակ է, 3-25 սմ երկարությամբ: Ժամանակակից ԲԱՀՔ-ը սկիզբը համարվում է 1973թ.-ը, և ես հույս ունեմ, որ այն կձգվի մինչև անվերջ: Այն երիտասարդ զարգացման տեմպերը չթուլացնող գիտություն է, սա նշանակում է, որ մասնագետները մշտապես պետք է հետևեն ոլորտի զարգացման առաջընթացին: Այսինքն այս դեպքում, նորագույն տեխնոլոգիաներից բացի անհրաժեշտ են նաև մասնագետներ, ովքեր կկարողանան աշխատացնել դրանք:
Ես գտնում եմ, որ ամեն մարդ չէ, որ իրավունք ունի գիրք գրելու, հատկապես, եթե այն հավակնում է ինչ-որ բան սովորեցնելու ուրիշներին: Ես այս գիտությամբ զբաղվում եմ արդեն 30 տարի: Այդ ժամանակ ԲԱՀՔ-ն ընդամենը 10 տարեկան էր: Որպես քրոմատագրաֆիստ՝ ես էլ եմ ինքնուս, որովհետև այն ժամանակ չկար համապատասխան ձեռնարկ, որից ես գիտելիքներ կստանայի: Ես իմ փորձը ուզում եմ այս հրատարակված գրքի միջոցով տալ նոր քրոմատագրաֆիստներին, նոր անալիտիկներին: Նշեմ, որ դեռ 1980-ականներին, ԽՍՀՄ ժամանակաշրջանում, Հայաստանը կարող էր դառնալ քրոմատոգրաֆիական հզոր կենտրոն: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ասեմ, որ դեռևս 1986թ.-ին ստացել էինք մեծ քանակությամբ սիլիկագել արտադրելու պատվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով դա մեզ մոտ չստացվեց և ունենք այն ինչ ունենք:
Բարեբախտաբար, այս եղանակն այժմ մեծ զարգացում է ապրում նաև Հայաստանում, սակայն որակյալ քրոմատագրաֆիստների քանակը դեռ մնում է ոչ բավարար: ՀՀ ոչ մի ԲՈՒՀ-ում չի դասավանդվում այս գիտությունը՝ տարբեր պատճառներով: Քրոմատագրաֆիստների մեծ մասն այսօր ինքնուս է և հիմնարար գիտելիքներ չունի: Ես շատ եմ լսում բողոքներ հենց քրոմատագրաֆիստներից: Քրոմատագրաֆիստն այն օղակն է, որը պատրաստ պետք է լինի լուծելու ցանկացած քրոմատագրաֆիկական խնդիր: Այսպիսով, տպագրված գիրքը կարող է մեղմել այս բացը: Ինչպես նշեցինք, «Տոնուս-Լես»-ը կազմակերպում է դասընթացներ այս թեմայով, որը նպատակ ունի ոչ միայն ընկերության համար մասնագետներ պատրաստել, այլև ամբողջ հանրապետության:
Վերջում, ներկա հյուրերից ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ներքին աուդիտի վարչության պետ Արայիկ Քուրդյանը հայտնեց իր կարծիքը. «Ողջունում ենք ձեր նախաձեռնությունը և հույս ունենք, որ այն կծառայի մեր ԲՈՒՀ-երի և պետական մարմինների համար որպես գիտական ձեռնարկ, որով պետք է առաջնորդվենք: Այն նաև կօժանդակի մեզ և մեր մասնագետների հետագա գործունեությանը: Ցանկանում եմ, որ գիրքը ծառայի այն նպատակին, ինչի համար Դուք այն գրել եք»:
Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկա դասախոսներից մեկը նշեց՝ շատ ուրախ է, որ ստեղծվել է նման գիրք:
«Մեր պրակտիկայում շատ ենք առնչվում ԲԱՀՔ հետ և ինչ-որ կերպ մենք կարողանում ենք ուսուցանել այն մեր ուսանողներին, բայց քանի որ մեզ համար անհասանելի են ժամանակակից սարքավորումները, գործընթացը դժվարանում է: Այս առումով գիրքը կարևոր նշանակություն ունի: Մի փոքր ծանոթացա գրքին և կարող եմ պնդել, որ հոյակապ աշխատանք է տարվել, հատկապես կիրառական հեղուկային քրոմատագրաֆիայի ոլորտում»:
Քննարկման արդյունքում ներկաները նաև խոսեցին այն մասին, որ այս մեթոդը բավականին ծախսատար է և պահանջում է որոշակի ֆինանսական ներդրումներ, սակայն, միևնույն ժամանակ, այն թույլ է տալիս բարձրացնել փորձագիտական անալիզների որակային աստիճանը: