YN.am-ը գրում է. «Բացարձակ ապաշնորհ, զրո քաղաքական կամքի, չենք կարող անգամ ասել բարի կամքի, ուղղակի կամքի ուժի պակասությունը, ինչպես նաև գլխառադ վերաբերմունքը ցանկացած ոլորտում, հատկապես այն ոլորտներում, որոնք բնակչության և երեխաների առողջապահության ու անվտանգության կարևորագույն բաղադրիչներ են, հանգեցնում են այսպիսի հետևանքի»,- մեզ հետ զրույցում Հրազդանում տեղի ունեցած շների սպանդն այսպես մեկնաբանեց Փրո Փոուզ կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ, իրավապաշտպան Նարե Արամյանը:
- Ի՞նչ է նշանակում նման իրավիճակը: Սա բարոյական և հոգեբանական հանգամանք չէ զուտ, որ ինչ-որ մեկը մեզ սենտիմենտների, զգայականության մեջ մեղադրի:
Սա իսկապես առողջապահական և անվտանգության լուրջ խնդիրներ է պարունակում: Ոչ միայն հասարակական վայրում հրազենի կիրառումը, ոչ միայն վարակների տարածման իմաստով բացարձակ փնթի աշխատանքը, այլ այն, որ մենք տիրապետելով ցանկացած ժամանակակից մեթոդերի, միևնույն է՝ վայրենի, չարդարացված և ամենացածր զարգացման մակարդակ ունեցող երկրների օրինակով ենք աշխատում: Ամոթ է մեզ, որ անգամ օրենսդրական իմաստով ոչինչ չի տեղաշարժվել վերջին 10 տարիների ընթացքում, այն դեպքում, որ անգամ Ուզբեկստանը արդեն ունի քրեորեն պատժելի արարք համարվելու վերաբերյալ քրեական օրենսգրքում հոդված, կենդանիների նկատմամբ դաժանությունը արգելող: Դեռ չեմ ասում վարչական իրավախախտումների տեսանկյունից առաջընթացը բոլոր երկրներում, անգամ ԱՊՀ, բացի Հայաստանից: Այն լավ վիճակը, որում այսօր գտնվում են անգամ Ադրբեջանը, Թուրքիան, Պարսկաստանն ու Վրաստանն անգամ ավելորդ եմ համարում ասեմ: Ինչո՞ւմն է սրա պատճառը: Կարծում են, թե սա կենդանիներին վերաբերող խնդիր է և գլխառադի, սեփական ջանին ջափա չտալու, այսպես ասած սեփական հաստ հետույքները չշարժելու համար, նույն Ազգային ժողովը վերջին 4-5 տարվա գործունեության ընթացքում և դրանից առաջ ընդհանրապես ուշադրության չի արժանացրել: Եվ ցանկացած տեղական ինքնակառավարման մարմնի, այդ թվում մարզպետարաններին և համատիրություններին, միայն բարոյականորեն է կարելի մեղադրել, որպես տմարդու, բայց մեծամասամբ նրանց մեղադրելը դժվար է, որովհետև նրանց ստիպում են այս գործողությունները կատարել: Տարիներ շարունակ մեր հորդորը բոլոր նախկին վարչապետերին, առ այն, որ անհրաժեշտ է ստեղծել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ և ներկայացնել ԱԺ ու պետք է լինի հանրային վերահսկողության հանձնաժողով, որը նույնպես պետք է գործի Կառավարությանն առընթեր, ընդհանրապես արժանացել է զրո ուշադրության: Այն պատմությունը և այսպես ասած արատավոր գործնականը, որը մենք ունենք այսօր և այն ամենացածր հեղինակությունը, որը մենք վայելում ենք այսօր գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ ներկայիս պայմաններում ԱԺ-ում՝ հաշվի առնելով, որ առաջիկայում ընտրություններն են, ոչ ոք դրանով չի հետաքրքրվի: Չկա օրենք, վիճակն այսպիսին է: Սա է խնդիրը, սա է բանաձևը, սա է լուծման հանգույցը:
Այսինքն, ՀՀ օրենքներով թույլատրվո՞ւմ է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ցուցաբերումը:
- Այսպես ասեմ, օրենքը հետևյալ կերպ է՝ այն արգելում է մեկ բան, մյուս բաները պետք է թույլատրի: Այսինքն, չկա ցանկացած կենդանատեսակի զանգվածային ոչնչացման որևէ արգելք և միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն է դա նախատեսում, որի շրջանակներում երբևէ որևէ աշխատանք ոչ ոստիկանությունը և ոչ իրավապահ մարմինները երբեք չեն էլ աշխատել: Իհարկե, եթե չկա արգելք չի նշանակում, որ այսպես պետք է լինի: Բավական է քաղաքական բարի կամքը, որպեսզի այսպիսի բան չլինի: Բայց ինչպես տեսնում եք մեզ մոտ բացարձակապես տմարդկային վերաբերմունք է:
Ասացիք, դիմել եք նախկին վարչապետերին:
Ի՞նչ փորձ եք ունեցել և ի՞նչ եք սպասում նոր Կառավարությունից:
- Խոսքը Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի մասին է: Նոր վարչապետին մենք պատրաստվում ենք դիմել մարտին, որովհետև այդ ժամանակահատվածում է, որ Հայաստանն ուշադրության է արժանանալու հատկապես օտարերկրյա կազմակերպությունների կողմից: Մենք ցանկանում ենք մարդկանց ներգրավել Հայաստանում կենդանիների բարեգործության ոլորտը կարգավորելու համար և հավատացեք չկա մի երկիր, որն այսքան արժանանա այս կազմակերպությունների ուշադրությանը և ստանա Կառավարության կողմից այսքան անլուրջ, անուշադիր պատասխան: Քանի որ մենք գիտենք, որ այժմ սպասվում են համակարգային փոփոխություններ և քանի որ Բնապահպանության նախկին նախարարի հետ մենք հասել ենք որոշակի հաջողությունների, մենք հույս ունենք, որ ներկայիս Կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կկարողանա մեզ ընդառաջել առնվազն մինչ ընտրությունները, որպեսզի մենք կարողանանք համոզված լինել, որ գոնե ԱԺ մեծ օրակարգ վերջապես կմտնի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծ կամ գոնե որոշակի լրացումներ քրեական օրենսգրքում, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել: Հաշվի առնելով փոփոխությունները, հուսով ենք, որ դա տեղի կունենա:
Ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի կենդանասեր հասարակությունը:
- Պետք է լինի զանգվածային առողջ գլխաքանակի ստերջացում, պատվաստում և վերադարձ, միայն սա է ճանապարհը թափառող կենդանիների խնդրի լուծման և դրա վառ ապացույցներն են Հայաստանին հավասար Իսրայելն ու Սլովենիան: Այսինքն, մենք ոչ մի նոր հեծանիվ չենք հորինում: Այո, հիվանդ, իր և հասարակության համար վտանգ ներկայացնող յուրաքանչյուր կենդանի պետք է քնեցվի, դիակիզվի կամ դիակը մարվի: Սակայն առողջ զանգվածն ամբողջ հանրապետության տարածքում, և մենք ունենք այդքան գումար, պետք է դառնա այդ ծրագրի մասնակից: Ավելին, այդ պարագայում արժանի միջազգային բնապահպանական ներդրումներ կլինեն մեր երկրում: Այս բոլոր գործողությունները պետք է անի Կառավարությունը, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջ հանրապետության մակարդակով: