«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 6-ին, Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ միայն հետազոտությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել:
«Նախնական տվյալներով՝ գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, պուլսը՝ 88, ջերմություն չունի: Նրա առողջական վիճակի մասին վերջնական պատասխան տալու համար որոշակի հետազոտություն է հարկավոր»,-ասաց նա:
Նշենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքն այսօր փոփոխվել է, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: