Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը ականատեսը եղանք մի երևույթի, որը հասարակության շարքերում ոչ միանշանակ արձագանք գտավ: Հանրապետական կուսակցության քարոզչական տեսահոլովակներում առանցքային գործող անձերի թվում էին հանրահայտ մարզիկներ՝ շախմատիստ Լևոն Արոնյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հերթական անգամ իշխանական «մեքենան» ազգաբնակչության կողմից հեղինակություն վայելող դեմքերին օգտագործում է սեփական ռեյտինգը բարձրացնելու նպատակով:
Ինչ խոսք, աշխարհում շատ են օրինակները, երբ ճանաչված մարզիկները սատարում են որևէ թեկնածուի, մասնակցում են հանրահավաքների և տարատեսակ այլ միջոցառումների: Այդպիսի մարզիկներից են ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, վրացի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, բռնցքամարտիկներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրները և այլոք: Մարզիկը որպես քաղաքացի ունի ընտրության իրավունք և կարող է իր համակրանքն արտահայտել որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի նկատմամբ: Սա միանգամայն նորմալ երևույթ է: Միանգամայն նորմալ կլիներ, եթե նույն Արոնյանը կամ Աբրահամը մասնակցեին ՀՀԿ-ի քարոզարշավին և կոչ անեին քվեարկել այդ կուսակցության օգտին: Դա նրանց քաղաքացիական իրավունքն է: Քարոզչական հոլովակում, սակայն, փիարի «էլեմենտ» հանդիսանալը բոլորվին այլ է, ոչ պատվաբեր, ինչ-որ տեղ նաև նվաստացուցիչ: Օրինակ, ի՞նչ կապ ունի Հենրիխ Մխիթարյանի՝ Իտալիայի հավաքականի դարպասը խփած գնդակը Հանրապետական կուսակցության հետ: Մի՞ թե իշխանության համար այլևս չկան անձեռնմխելի սրբություններ:
20 տարվա ընդմիջումից հետո, 2016 թվականին Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը վերջապես ոսկե մեդալ նվաճեց: Նվաճեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Հիանալի մի առիթ նախընտրական քարոզչության մեջ Ալեքսանյանի փառահեղ նվաճումն օգտագործելու համար: Սակայն թե՛ Ալեքսանյանին և թե՛ օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած մյուս մարզիկներին Հանրապետականների հոլովակներում չտեսանք: Չտեսանք այն պարզ պատճառով, որ Հանրապետականի քարոզչական հոլովակներում միայն այն մարզաձևերի ներկայացուցիչներն են, որոնք կապ չունեն Գագիկ Ծառուկյանի գլխավորած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ:
Ավելին, շախմատի ֆեդերացիան գլխավորում է Սերժ Սարգսյանը, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան՝ Ռուբեն Հայրապետյանը: Ինչ վերաբերվում է Արթուր Աբրահամին, ապա նա միջազգային մրցումներում ներկայացնում է Գերմանիան: «Ծառուկյան» դաշինքի տեսահոլովակն հրապարակվեց այսօր: Ինչպես և սպասվում էր, քաղաքական այս ուժը ծավալուն կերպով օգտագործել է Արթուր Ալեքսանյանի և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ՝ ըմբիշ Միհրան Հարությունյանի և ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի հաջողությունները:
Ցավալի է, որ մեր երկրում ճանաչված մարդիկ անկախ իրենց կամքից քաղաքականացված են և բաժանված այս կամ այն ուժերի միջև: Հասկանալ է պետք, որ մարզիկները քարոզչական «էլեմենտ» դառնալով հեղինակազրկվում են: Նկարահանվելով Հանրապետական կուսակցության տեսահոլովակում նրանք արդեն իսկ ազգաբնակչության շարքում ասոցացվում են որպես իշխանական կուսակցության անդամ:
Հ.Գ. Անվանի մարզիկներին քարոզչական հոլովակում օգտագործելու նախադեպ եղել է նաև 2012 թվականին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչական տեսահոլովակում: Կարծում ենք՝ ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի և Պուտինի քարոզչական հոլովակների մոտիվացիան բավական նման է: