«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ երիտասարդական թևի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի և 40 հազար դոլարի նվիրատվություն: Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ` մի մասը աշխատավարձի, մի մասը` «այլ եկամուտների», մի մասն էլ` ստացված փոխառությունների և այդ նվիրատվությունների տեսքով: ՀՀԿ երիտթևի առաջնորդը նաև հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել 28.8 մլն դրամով: Իսկ ահա շարժական գույքի մասին որևէ տեղեկատվություն նշված չէ: Նշենք, որ Կ. Ավագյանի կինը` Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: