Ռեժիսոր, դերասանուհի Նադի Իսպիրյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է դառնալ հանրության կողմից սիրված և ճանաչված դերասանուհի:

Խոստովանում է , որ «Անուրջներ», «Գեներալի աղջիկ» և  մի շարք այլ սերիալներում նկարահանվելն իրեն ճանաչում բերեց, բայց իր կերտած կերպարներից և ոչ ոք չփոխեց իրեն:

Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը

-Ի՞նչ տվեց քեզ սերիալներում նկարահանվելը:

-Քանի որ ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, հետևաբար տվեց նոր դերասանների հետ ծանոթություն, որը ավելի ընդլայնեց իմ շրջապատն  այս ասպարեզում, հեռագայում կարծում եմ համատեղ գործունեություն կծավալենք:

-Իսկ  ի՞նչ փոխեց քո մեջ «Գեներալի աղջիկ» սերիալի Նոնայի դերը:

-Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իմ անձն անփոփոխ է, եթե կան դերասաններ, ովքեր մնում են իրենց կերպարի ազդեցության տակ,ապա ես հասկացա, որ իմ բարոյական արժեքները` անկախ դերերից, մնում են անփոփոխ:

-Արդյո՞ք ճիշտ է այն ընդունված կարծրատիպը, որ սերիալում նկարահանվելը սկսնակ դերասանների համար դառնում է  հանրահայտ դառնալու հեշտ ճանապարհ:

-Միանշանակ ճանաչում բերում է, բայց ես ավելի կարևորում եմ այն, որ կարողանաս այնպես անել, որ ժողովրդի կողմից սիրվի քո տաղանդը, շնորհքը, պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես, որ սիրվես և գնահատվես հանրության կողմից, ոչ թե պարզապես երևաս էկրանին և ասես «հայտնի» եմ:

-Իսկ արդյո՞ք սերիալներից բացի չկան այլ ճանապարհներ,  որպեսզի սկսնակ դերասանը կարողանա մասնագիտական փորձ ձեռք բերի:

-Իհարկե կան, սերիալներում հաճախ երկու-երեք րոպեի ընքացքում տարբեր պատճառներով դերակատարին կանգնեցնելով` ուղղումներ են կատարում և նրա խաղը մեկընդմեջ ընդհատվում է, խանգարելով դերասանական վարպետության զարգացմանը:
Իմ փորձից կարող եմ ասել, որ դերակատարը վարպետություն է ձեռք բերում տարբեր թատերական խմբակների աշխատանքներին մասնակցելով:

-Ո՞րն է եղել մանկությանդ երազանքը:

-Երեք տարեկանից երազում էի դառնալ խաղատան  «շեֆ» , ով հարցնում էր, այդ պատասխանն էի տալիս, բայց դրա հետ հավասար տեսախցիկը ձեռքիցս բաց չէի թողնում: Երազում էի տեսնել Էմինեմին, շատ երազկոտ էի, ամեն օր սպասում էի, թե երբ է գալու քնելուս ժամը, որ պառկած երազեի, բայց միևնույնն է ամենամեծ երազանքս եղել է հանրաճանաչ ռեժիսոր դառնալը:

- Արդյո՞ք այսօր իրակացել են քո երազանքները:

-Այսօր իմ երազանքների կեսից շատը իրականացել են, սակայն ես համարում եմ, որ երբ ձգտում ես երազանքին, այն դառնում է նպատակ, երբ նպատակիդ հասնում ես` նոր երազանքներ են ի հայտ գալիս, և այդպես ամբողջ կյանքում: Հուսով եմ մեկ օր ինձ կհաջողվի դառնալ խաղատան սեփականատեր:
Այսօր ցավոք շատերն ինձ ճանաչում են միայն որպես դերասանուհի, բայց ինչպես նշել էի, կցանկանայի հանրաճանաչ դառնալ իմ ռեժիսուրայի մասնագիտությամբ:

-Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունես:

-Վերջերս նկարահանեցի երգիչ Գուժի  «Forever» տեսահոլովակը, որից հետո ինքս ինձ արձակուրդ տվեցի, բայց քանի որ ես կարիերիստկա եմ, չեմ կարողանում երկար ժամանակ անգործ մնալ, այժմ որոշել եմ կենտրոնանալ իմ առաջին մասնագիտության` ռեժիսուրայի վրա և սկսել ֆիլմ նկարահանել, աշխատում եմ սցենարի վրա, դրա հետ համատեղ զբաղվում եմ փոքրիկ բիզնեսով:

-Ո՞րն է քո հաջողության գրավականը:

-Իմ հաջողության գրավականն այն է, որ երբեք չեմ նախանձել ուրիշներին, փորձել եմ ստեղծել իմը:
Ցանկանում եմ բոլորին ավելի բարի տրամադրվել միմյանց նկատմամբ, լինել ինքնուրույն և ուրախանալ միմյանց հաջողություններով: