Մարտի 9-ին Ադրբեջանը հայտնել է, որ դուրս է գալիս «Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնություն» միջազգային ստանդարտից այն բանից հետո երբ երկրին հեռացրել են կազմակերպության աշխատանքներից։ Այդ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ավարտվել է երեք խողովակաշարերից բաղկացած ընդլայնված ցանցի համար ֆունդամենտի կառուցումը, որով ադբեջանական գազը 2020-ին պետք է մատակարարվի եվրոպական շուկաներ, գրում է բրիտանացի լրագրող ու վերլուծաբան Թոմաս դե Վաալը։
Վերլուծաբանը հիշեցնում է , որ կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցությունը դադարեցվել էր, քանի որ «երկրում քաղաքացիական հասարակության համար բարենպաստ պայմաններ չկան»։ Հավանաբար ադրբեջանցիները սխալ հաշվարկ են արել։ 2015-ին ԱԼԹՆ-ն արդեն Ադրբեջանին լիիրավ անդամի կարգավիճակից իջեցրել էր թեկնածուի կարգավիճակի, բայց հավանաբար նրանք կարծում էին, որ հենց երկիրը հայտնվի հեղինակավոր միջազգային կազմակերպությունում, այլեւս ոչ ոք նրան այնտեղից չի վտարի, ինչպես Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ու մի քանի այլ պետությունների անդամակցության դեպքում է»,- գրում է դե Վաալը։
Վերլուծաբանի կարծիքով Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, թե ամբողջական քաղաքական վերահսկողությունով հնարավոր է դիմագրավել աճող սոցիալ- տնտեսական դժգոհությանը, որը դրսեւորվում է ազգային արժույթի անկումով ու գնաճով։ Փետրվարին նախագահը հայտնել է, որ իր կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակում է առաջին փոխնախագահի պաշտոնին, ինչով «վերջ է տվել այն պատրանքներին, որ այդ երկրում ընտրված ժողովրդավարություն է, այլ ոչ թե տոհմական իշխանություն»
Թոմաս դե Վաալը շեշտում է, որ ԱՈԹՆ-ից երկրի հեռանալը առաջին հերթին բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա։
«Բաքուն գուցե հույս ունի, որ Արդբեջանը կկարողանա դիմակայել այդ փոթորկին, ու որ միջազգային մթնոլորտը հօգուտ իրեն է փոխվել Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, որը նույնպես Ադրբեջանում բիզնեսով է զբաղվել։ Թրամփի բոլոր հակասական ուղերձներից մեկը գոնե քիչ թե շատ հստակ էր՝ վճռական աջակցություն մեծ նավթի շահերին, ինչը դրսեւորվել է նախեւառաջ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նավթի ոլորտի հսկա Ռեքս Թիլերսոնի նշանակումով»,- շեշտում է հեղինակը։
Առկա զարգացումներում թերևս ամենադժգոհ ու մտահոգ դերում է հայտնվել Ադբեջանի քաղաքացիական հասարակությունը, որը համարում է, որ Ադրբեջանը ոչ թե լուծում է խնդիրը, այլ խուսափում է դրանից։
Դե Վաալի կարծիքով խնդրի լուծման միջոցներից մեկը ԵՄ-ի միջամտությունն է։ «Բրյուսելում դեռ բանավիճում են այն թեմայով թե ինչպես է պետք վերաբերել Ադրբեջանին՝ որպես ավտոկրատի երկրի՞, որը զուտ կոմերցիոն գործընկեր է, ինչպես ՍԱուդյան Արաբիան, թե՞ որպես եվրոպական կազմակերպությունների անդամի, որի դեմ պետք է գործածել նորմատիվային փաստաթղթեր, ու ստիպել, որ նա ապահովի որոշ ազատություններ։ Ամեն դեպքում պարզ է մի բան՝ Ադրբեջանը, հրաժարվելով ԱՈԹՆ-ի շրջանակում թափանցիկություն ապահովելու պարտավորություններից, ավելի բարդ ու անկանխատեսելի գործընկեր է դարձել ԵՎրոպայի համար»,- ամփոփում է հեղինակը։