Երկրում ստեղծված իրավիճակի, նախընտրական զարգացումների, քարոզարշավի ֆոնին արձանագրվող միջադեպերի և գալիք խորհդարանական ընտրությունների շուրջ, YN.am-ը զրուցեց, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Էրեբունի Նուբարաշեն) առաջադրված պատգամավորի թեկնածու Ֆիլիպ Արզումանյանի հետ:
Գնահատելով ներկայիս մրցակցային տրամադրություններ և ներքաղաքական բարոյա-հոգեբանական վիճակը, երիտասարդ քաղաքական գործիչը նկատեց, որ իշխող վարչախումբն ու վերջին տասնամյակների ընթացքում տիրող հակաօրինական համակարգը ստեղծել են երկրի և քաղաքական դաշտի համար այնպիսի պայմաններ, որտեղ համարյա թե անհնար է ունենալ առողջ մրցակցության մթնոլորտ:
«Իշխանության կողմից օգտագործվող ադմինիստրատիվ ռեսուրսը, նրանց կողմից ստեղծված ու իրական ընդդիմության դեմ բազմակի օգտագործվող պսեվդո-ընդդիմադիր քաղաքական ուժերը, սպոյլերները, մարզերում տիրող վախի և բռնության մթնոլորտը՝ այս ամենը նվազեցնում են ձեր կողմից նշված բարոյա-հոգեբանական վիճակի դրական փոփոխության հնարավորությունը և բերում այսօրվա պայթունավտանգ, անկանխատեսելի իրավիճակին», - հստակեցրեց Արզումանյանը, ավելացնելով, որ դա ամենևին էլ ընկճվելու պատճառ չէ, քանի որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը վճռական է տրամադրված իշխող քաղաքական ուժին հեռացնելու հարցում:
«Վերջապես մենք ապահովելու ենք Հայաստանի համար արժանապատիվ ապագա՝ ազատ, իրավատեր քաղաքացիներով ու, հատկապես, երիտասարդությամբ», - ընդգծեց ԱԺ պատգամավորի թեկնածուն:
Մեկնաբանելով Ջրառատ գյուղում ծավալված իրադարձությունների և վենդետայի հնարավոր վարկածը, քաղաքական գործիչը նշեց, վերոնշյալ միջադեպի ժամանակ, ՕՐՕ-ի համակիրները ցույց տվեցին, որ կարող են սեփական ուժերով, անզեն կարգի հրավիրել ՀՀԿ-ական զինված հրոսակին և հենց դա էր, որ ամենավտանգավորն էր Սերժ Սարգսյանի համար և դրա համար էլ ՀՀԿ-ն՝ ոստիկանության մասնակցությամբ, ինչը երևում է կադրերից, որոշեց արդեն ինքնաձիգերով և դանակներով հարձակվել այդ ակտիվիստների վրա ու նրանց ծանր մարմնական վնասվածքներ հասցնել:
«Սա, իհարկե, գործող իշխանությունների կազմակերպած սադրանք էր: Ու դա չէր կարող տեղի ունենալ առանց կուսակցապետերի անմիջական հրահանգի՝ լինել հնարավորինս դաժան ՕՐՕ-ի համակիրների հանդեպ», - պարզաբանեց Արզումանյանը:
Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության մասին, Արզումանյանը նշեց, որ այդ համատեքստում միայն մեկ հարցի շուրջ կարելի է երկխոսել՝ դա իշխանության խաղաղ հանձնումն է ժողովրդի քվեն ստացած իրական քաղաքական ուժերին:
«Հայ ժողովուրդը արժանի է ունենալ ոչ թե խղճուկ, թույլ, աղքատ ու վտանգված, այլ հզոր, ազատ և ինքնիշխան Հայաստան», - ամփոփեց թեկնածուն: