Իշխանությունները ծրագրել են¸ որպեսզի կալանավորեն Ազատամարտիկների դաշինքի լիդերներին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը: «Ովքեր¸ որ ոտքի կկանգնեն¸ իրենց թեկնածությունը կդնեն¸ բոլորին կկալանավորեն: Դուք կարող եք հարցնել մեր ԿԳԲ-ին¸ իրենք Ազգային Անվտանգություն չեն¸ իրենք ԿԳԲ-ն են¸ որոնք մինչև հիմա ղեկավարվում են Մոսկվայից և Մոսկվայի դրածո մարդկանցից»¸-ասաց նա:
Նաև նշեց, որ իրենց ընկերները արդեն իրենց զգուշացրել են, որ իրենց կալանավորելու են: Ըստ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը ունի քաղաքական ենթատեքստ: Նրա կարծիքով, եթե անգամ ԱԱԾ պարզել էր, որ Բաբայանը ապստամբական գործողություն էր պլանավորել, ապա կարող էր սպասել, քանի որ մնացել էր մեկ շաբաթ ընտրություններին:
«Իհարկե քաղաքական ենթատեքստ ունի: Այս ամենը ուղղված էր մեզ բոլորիս դեմ: Մենք չենք հավատում, որ Սամվել Բաբայանը կարող էր երկրի համար վտանգավոր գործողություն անել»,-այսօր լարգորղների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Հարցին՝ ինչու հենց Սամվել Բաբայանը և ինչ է փոխվում նրա ձերբակալությունից հետո դաշինքի մոտ, նա նշեց, որ դեռ Ջրառատի դեպքերից հետո Բաբայանը համարվում էր առաջնահերթ թիրախ, նրան փորձում էին ներկայացնել, որպես դաշինքի ստվերային առաջնորդ:
«Սա խոսում է իշխանության վախի մասին: Մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը, ու հասցնելու ենք հաղթական ավարտի»,-ասաց նա: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նշեց, որ Սամվել Բաբայանը անձեռնմխելի չէր, թեկնածու չէր, դրա ամար ամենահարմար թիրախն էր: Ըստ նրա նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր, քանի որ ընտրությունները կեղծվելու են: «Վախը մեզ չի վերաբերվում, այլ սովորական քաղաքացուն: Քաղաքացին տեսնում է, եթե ձերբակալում են արցախյան հերոսին, ապա իրեն էլ են ձերբակալելու»:
Հարցին՝ մամուլում նշվում էր, որ հաջորդ ձերբակալվածը կարող է լինել ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, հնարավոր է դա, Եղիազարյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը թեկնածու է և իրեն չեն ձերբակալի, բայց եթե Սեյրան Օհանյանը մտել է պայքարի մեջ, և պետք է վախենա ձերբակալվելուց, ուրեմն իզուր է մտել, բայց նա չի վախենում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ըստ Ռազմիիկ Պետրոսյանի, եթե ընտրությունները կեղծվեն, իրենք չեն հանդուրժելու և հետընտարական գործընթացներ պայքրաի տեսքով լինելու են:
Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյան էլ իր հերթին ավելացրեց. «Հետաքրքիրն այն է, թե «Իգլան» Սամվել Բաբայանի ինչին էր պետք: Ինձ թվում է դրա տակ ուրիշ բան կա: Ըստ մամուլի ամսի 27-ին պատրաստվում էր տեռակտ: Բաբայանի վրա աշխատանքներ տարվում էին արդեն վեց ամիս: Օհանյան Սեյրանին էլ վախեցնում էին, մեզ էլ բայց վախենալ չկա, մենք մեր վախը պատերազմի ժամանակ առել ենք: Բաբայան Սամվելն այն մարդն է, որ իր կյանքը կտա տարածքների համար, նա չի ուզում Ղարաբաղը տեսնել նսեմացած և Ադրբեջանի կազմում: Նրան ամենաշատը թուրքերն են ատում: Մերոնք աջակցում են սրանով թուրքերին և իրականցնում են նրանց երազանքը»,-ասաց նա: