«Իշխանությունները ևս մեկ անգամ խաբեցին մեզ»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, որ գազի գնի թանկացումը Հանրապետությունում իշխանությունների հերթական ցածրակարգ խորամանկությունն է:
«Եթե ժողովուրդն իմանար, որ իրեն նման իրավիճակ է սպասվում, երբեք իր ձայները Հանրապետականին չէր տա: Խնդիրն այն է, որ իշխանություններն ունեն հարցը լուծելու հնարավորություն, պարզապես, երևի թե, ցանկություն չունեն»,-իր խոսքում նշեց Լ.Սարգսյանը: Նա նաև փաստեց այն իրողությունը, որ նախապես հայտարարված 67%ի հավանական բարձրացման կտրուկ իջեցումը 18%ի պայմանավորված է իշխանության խորամանկությամբ:
Այսինքն՝ այս կերպ ժողովուրդը պետք է երախտապա՞րտ լինի, որ խղճահարության է արժանացել:
«Եթե 500 հոգու աշխատավարձը բարձրացնելու հետևանքով պետք է տուժի մի ամբողջ ազգ, ապա այդ 500ին էլ պետք չի աշխատավարձի բարձրացում: Ինչու՞ իշխանությունը ճնշում չի գործադրում ՀայՌուսգազարդի վրա: Թե՞ աշխատավարձերի բարձրացումից հետո մտածեցին, որ իրավունք ունեն նման քայլի դիմելու: Ես միայն զարմանում եմ ժողովրդի հանդուրժողականության վրա: Ստացվում է, որ մեր կյանքը կտրուկ թանկանու՞մ է», -իր խոսքն այսպես շարադրեց ԱԺ պատգամավորը:
Նա նաև անդրադարձավ ԱԺ նիստի ժամանակ իր և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ինչի առթիվ ասաց, որ իր կողմից արված այն հայտարարությունը, թե վարչապետն ու Սեդրակ Աճեմյանը համատեղ բիզնես ունեն, նպատակ էր ոչ թե վարչապետի խոստովանությունը լսելու, այլ հանրության ուշադրությանը հրավիրելու այն իրողությանը, թե ում հետ մենք գործ ունենք: «Ակնհայտ է, որ կատավարությունը ոչ մի ակնկալիք չի կարող ունենալ ինձ հետ համագործակցելու», նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Իսկ լրագրողների այն հարցին, թե Լ.Սարգսյանն ինչպես է վերաբերվում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի հասցեին արված անվայելուչ արտահայտություններին, պատգամավորը պատասխանեց, որ որևէ մեկն իրավունք չունի կնոջ նկատմաբ նման արտահայտություններ անելու. սա էթիկայի լուրջ խախտում է, և որ ինքը չի հասկանում Հանրապետությունում գործող էթիկայի հանձնաժողովի առկայության իմաստը, չնայած, որ ինքն էլ հանձնաժողովի անդամն է: «Ես կարող եմ ասել, որ Գալուստ Սահակյանն իր կոռեկտությամբ երբեք էլ չի փայլել», ավելացրեց պատգամավոր Լ.Սարգսյանը: