Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկահոդի խաչաձեւ կապանների մասնակի կտրվածք եւ մենիսկի վնասվածք:
28-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Ղազախստանի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման արդեն երրորդ րոպեին եւ փոխարինվել: Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիս նշեց, որ Ղազարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Վերջնական ախտորոշումը կարվի Գերմանիայում: Այժմ կիսապաշտպանի ոտքը գիպսի մեջ է:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ուժեղ էր գտնվել 2:0 հաշվով՝ տանելով երկրորդ հաղթանակն այս ընտրական փուլում: