Այսօր՝ մարտի 26-ի ուշ երեկոյան հետաքրքիր հավաքույթ էր կազմակերպել թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «Տիգրան Մեծի Արշակը»՝ ազատամարտիկ Արշակ Արշակյանը։

 

 

 

Երիտասարդություն, գինի, կիթառ, կրակ, երգ ու պար, ահա թե ինչ մթնոլորտում շարունակվեց պատգամավորի թեկնածուի՝ բակային հանդիպումներից հետո կազմակերպված քարոզարշավի շարունակությունը։

«Երիտասարդությունը մեր ապագան է, մեր ներկան ու մեր ողջ կյանքը։ Նրանց պետք է առաջնորդել, ինքնարտահայտման հնարավորություն ստեղծել: Մեր երկիրը բազմաթիվ համակարգային բարեփոխումների կարիք ունի, որոնց միջոցով մենք մեր պարտքը կատարած կլինենք ու մեր երիտասարդ սերնդի համար վառ ու գունեղ ապագա կստեղծենք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արշակյանը։
Հավաքված երիտասարդներից շատերն էլ մեզ հետ կիսվելով իրենց տպավորություններով, նշեցին, որ իրենց կարևորված են զգում և մեծ նշանակություն ունի, որ պատգամավորի թեկնածուները գիտակցեն՝ երիտասարդը կվստահի, բայց պահանջով՝ իր կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

 


Հանդիպման ընթացքում Արշակ Արշակյանը խոստացավ երիտասարդներին՝ անկախ քարոզչական շրջանից, ինքը միշտ պատրաստ է հանդիպել, քննարկել երիտասարդներին հուզող խնդիրները և վստահության քվե ստանալուց հետո նաև դրանք բարձրաձայնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից։