«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածելով 114 տնօրենների ձայնագրությունները, թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին, մինչդեռ կան նաեւ այլ կուսակցություններ ներկայացնող տնօրեններ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումներ անելու եւ դրանք մարզպետարաններին ու քաղաքապետարաններին փոխանցելու վերաբերյալ սկանդալային ձայնագրություններին:
Աշոտյանի խոսքով, այս պահին այդ ձայնագրություններով զբաղվում են պատկան մարմինները, այդ թվում ԿԳՆ-ն ու դատախազությունը. «Կհորդորեի սպասել իրավական ատյանների արձագանքներին: Սակայն մենք ունենք նաեւ մեր հակաստարկները: Թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն այստեղ օբյեկտիվության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Սա ՀՀԿ-ի դեմ ուղղված միտումնավոր հակաքարոզչություն է»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ունեն նույն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները, այդ թվում կուսակցական լինելու. «Եթե տնօրենները դա կատարել են ոչ աշխատանքային ժամերին, խախտման մասին խոսք լինել չի կարող: Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Եթե ապացուցվի, որ նրանք դա արել են պաշտոնեական դիրքի չարաշահումով, ապա դա անթույլատրելի է: Իսկ եթե դա արել են աշխատանքային ժամերից հետո, այդ իրավունքը սահմանադրությամբ ունեն: Օրենքը խախտել են, թե ոչ, կպարզի ուսումնասիրությունը»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանի խոսքով, ինքն անձամբ լսել է մի քանի տասնյակ ձայնագրություններ եւ կարող է փաստել, որ կան տասնյակ դեպքեր, որտեղ օրենքի խախտման գնահատական ընդհանրապես չկա. «Ես վստահ եմ, որ պատկան մարմինները արձագանքը կտան, որտեղ կա խախտում, տնօրենները կկրեն պատասխանատվություն: Եթե մեղավոր չեն, պետք է հասկանանք, թե ով է վերականգնելու անդ մարդկանց բարի համբավը, ով է մաքրելու նրանց զրպարտությունից: Մարդկանց զրպարտել են, վիրավորել են, ամոթանք են տվել: Արդյոք քաղաքացու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, թե՞ պաշտպանված պետք է լինեն միայն ընդդիմադիր քաղաքացիների իրավունքները: Մարդկանց արժանապատվությունը պետք է վերականգնվի, բարոյական վնասը պետք է փոխհատուցվի, սա ակնհայտ է»:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի պահանջին՝ հեռացնել ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցողների շարքից, Աշոտյանն ասաց, որ դրա համար որեւէ հիմք չկա: Նա ասաց, որ ավելի շատ լուրջ հիմքեր կան ԻՔՄ-ին զրկելու դիտորդական գոծունեություն իրականացնելու իրավունքից, քան ՀՀԿ-ին զրկելու ընտրություններին մասնակցելուց: