ՄԱԿ-ի քարտուղարությունը ԼՂ հարցի շուրջ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ է արել՝ հայկական և ադրբեջանական կողմերին մատնացույց անելով դրա համար քաղաքական կամք դրսևորելու անհրաժեշտությունը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում ուշադրության են առել ԼՂ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները և լիովին աջակցում են Բաքվին ու Երևանին ուղղված նրանց կոչին՝ զերծ մնալու ցանկացած գործողություններից, որոնք կարող են խաթարել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները։
«Մենք ողջունում ենք լարվածության նվազեցմանն ուղղված բոլոր ջանքերը և կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք՝ վերսկսելու համար առարկայական բանակցությունները, որոնք կտանեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման»,-ասել է Հակը։