Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցել Հայաստանի տնտեսությունը: Տնտեսություն, որը ձգձգվող պատերազմական դրության և շրջափակման պայմաններում, բռնել է դանդաղ, բայց քայլ առ քայլ զարգացման ճանապարհ: Մեր երկրի, հատկապես, Սյունիքի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նույնպես կրեց ճգնաժամի ծանր հետևանքները, սակայն տնօրինության ու աշխատակիցների սրտացավության ու անվերապահ նվիրվածության շնորհիվ, հնարավոր եղավ ելք գտնել ու բռնել կայուն զարգացման ուղին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձեռնարկության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հարցազրույցը՝ լեռնագործային ոլորտում առկա ճգնաժամի, զարգացման հեռանկարների և ընկերության իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շուրջ:
Մեկնաբանելով վերջին տարիների՝ լեռնահանքային ոլորտի համաշխարհային ճգնաժամը և դրա կոնտեքստում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի զարգացման հեռանկարները, ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նշեց, որ բնագավառում առկա խոր ճգնաժամը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների աննախադեպ ցածր մակարդակով: Որպես օրինակ՝ պարոն Պոլոսկովը ընդգծեց, որ վերջին հինգ տարվա ընթացքում պղնձի գինը նվազել է 45, իսկ մոլիբդենի գինը՝ 57 տոկոսով: «Դա մեր պարագայում բերել է նրան, որ այդ անկումը հատել է մեր ինքնարժեքի շեմը: Ընդհանրապես, աշխարհում գործող լեռնագործային մի շարք ընկերություններ, այդ թվում ԶՊՄԿ-ից մի քանի անգամ ավելի խոշոր, կասեցրել են աշխատանքը կամ կրճատել են հազարավոր աշխատատեղեր: Բայց այն պատասխանատվության զգացումը, որը մենք ունենք մեր ձեռնարկության՝ անցյալի և ապագայի հետ իրենց կյանքը կապած աշխատանքային գերդաստանների, մեր մարզի, մեր հայրենիքի հանդեպ, թույլ չի տալիս մեզ մտածել կամ գործել զուտ որպես բիզնեսմեններ, գործարարներ», - նշեց գլխավոր տնօրենը, ավելացնելով, որ րոպե անգամ իրավունք չունեին հարցի տակ դնել Քաջարանի կոմբինատի վաղվա օրը: Այսօր մեծ հպարտությամբ կարելի է փաստել, որ միասնական ուժերով հաղթահարվել է ճգնաժամի դեմ կարևորագույն մարտը և կոմբինատը կայուն զարգացման ուղին է բռնել:
Կոմբինատի զարգացման շուրջ ձեռնարկված քայլերի մասին խոսեց նաև ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, շեշտելով, որ անցած տարիների ընթացքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել ձեռնարկության արտադրական ցիկլի ամբողջ շղթայում՝ բաց հանքից մինչև պատրաստի արտադրանքի առաքումը:
Պարոն Ամբարյանի խոսքով, ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, թարմացվել է ավտոպարկը, ինչպե նաև՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, խնայողության ռեժիմի խիստ պահպանման, կառավարման նոր մեթոդների կիրառման արդյունքում հաջողվել է էականորեն նվազեցնել արտադրության ինքնարժեքը: «Այդ միջոցառումները շարունակական, հետևողական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է՝ ճգնաժամային կառավարումը պահանջում է ոչ ստանդարտ որոշումներ և քայլեր: Դրանցից կարևորներից մեկը, մեր պարագայում, դա կապիտալ ներդրումների ծավալների չնվազեցնելն էր: Անցած երեք տարիների ընթացքում ընկերության վերազինման արդիականացման նպատակով կատարվել է ավելի քան 60 միլիոն դոլարի ներդրում: Դա հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել արտադրության տեմպերը, այլ նաև լավ նախահիմք է ստեղծել երկարատև հեռանկարի համար», - ասաց նա:
Ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա մինչ դրանց ի հայտ գալը, ընկերությունը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ՝ առկա էր ֆինանսական պարտքերի, աշխատավարձերի ուշացման, մատակարարների, այլ գործընկերների, բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած պարտավորությունների չկատարման և նույնիսկ գործունեության կասեցման վտանգ։
Սակայն ձեռնարկության բաժնետերերի սրտացավության ու ձեռնարկության գլխավոր տնօրենին անվերապահորեն վստահելու հանգամանքը դրդեց նրանց տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում կատարել կոմբինատ, ինչը հնարավորություն տվեց խուսափել այդ պահին շատերի համար անխուսափելի թվացող ցնցումներից. «Սակայն համոզված եմ, որ իմ մատնանշած միջոցառումները հաջողություն չէին ունենա, եթե չլիներ ամենակարևորը՝ մեր ձեռնարկության բազմահազարանոց կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի սրտացավ վերաբերմունքը, հարազատ կոմբինատի նկատմամբ: Այդ սրտացավությունը մեր ամենամեծ կապիտալն է», - ընդգծեց Ամբարյանը:
Մհեր Պոլոսկովն էլ, իր հերթին, ավելացրեց, որ ավանդույթի համաձայն, ընկերության շահույթի հինգ տոկոսը բաշխվել է աշխատակիցների միջև՝ որպես պարգևավճար: Ու թեպետ 2016 թ. ընկերությունը որևէ շահույթ չի ունեցել, աշխատել է վնասով, ղեկավարությունը այս տարի ևս միջինացված պարգևավճար է տրամադրելու կոմբինատի աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ֆինանսա-տնտեսական խնդիրները որևէ կերպ անդրադարձել է ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վրա, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշեց, որ ճգնաժամի ազդեցությունը մատնանշված ծրագրերի վրա մեծ էր, սակայն նրանց հաջողվել է խուսափել խնդիրներից և բնականոն հունով ֆինանսավորել և կյանքի կոչել դրանք՝ կրթական ոլորտից մինչև մարզական միջոցառումներ.
«Մեր ծրագրերը չեն նվազել, ընդհակառակը, ընդլայնվել են, բարձրացել է դրանց ֆինանսավորման մակարդակը՝ այն գիտակցմամբ, որ սոցիալական ծրագրերի քաղաքականությունը մեր ձեռնարկության գործունեության բաղադրիչն է», - փաստեց պարոն Ամբարյանը: