Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կայանալու է երեքշաբթի օրը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու պատճառների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արման Սաղաթելյանը պատասխանեց միայն, որ «նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, թե դժվարանում է հիշել որեւէ այլ դեպք, երբ Հայաստանի ղեկավարը չի մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին:
«Հայաստանի նախագահի որոշումը` չմասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, շատ կարեւոր է», - ասաց վերլուծաբանը եւ մանրամասնեց. - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում տեսնում ենք հետեւյալ միտումը, որ Հայաստանը կարիք ունի ընկալվելու ավելին, քան Ռուսաստանի դաշնակից, կարիք ունի ընկալվելու որպես մի երկիր, որը խորացնում է իր կապերը ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի հետ: Այլ կերպ ասած, Հայաստանի նախագահը մեսիջ է ուղարկում` [Ռուսաստանի կողմից] գազի գնի բարձրացումից ու Եվրասիական միություն մուտք գործելու հարցում [նույն Մոսկվայի կողմից] գործադրված ճնշումից հետո: Այդ մեսիջը նշանակում է, թե Հայաստանը չի զիջելու»:
ՀԱՊԿ-ի հանդիպումներին մասնակցելու նպատակով Բիշքեկ են մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը Ղրղըզստանի մայրաքաղաքում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը:
Նիստի մասնակիցները հավանություն են տվել արդի միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության նախագիծը, որը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «ՀԱՊԿ-ի անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը», - ասված է, մասնավորապես, ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հավանությանը արժանացած նախագծում:
Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որի ժամանակ քննարկվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը:
Համատեղ նիստի մասնակիցները մասնակիցները ստորագրել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի պատրաստման եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013 թվականի երկրորդ կեսին եւ 2014 թվականի առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ-ի շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրել կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:
Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
