Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի պատվիրակությանը՝ գլխավորությամբ Կուրսկի մարզի նահանգապետի տեղակալ, ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Լյուդմիլա Գրեբենկովայի:

Հանդիպման սկզբում պատվիրակության անդամ, Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային կազմակերպության նախագահ Ալեքսան Կոշտոյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին և Հայաստան այցելության նպատակը:

Այնուհետև հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն ողջունեց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին համառոտ ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմությունը, Խորհրդային միության տարիներին Եկեղեցու կրած դժվարությունները և ներկա վիճակըª ընդգծելով Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային կյանքում: Խոսելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապերի ձևավորման գործում Հայ Եկեղեցու դերակատարության մասինª Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա ջերմ հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում:

Անդրադառնալով Ռուսաստանի հայկական համայնքին՝ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց ՌԴ իշխանություններին՝ հայ ժողովրդի զավակների նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների սերտ կապերին, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության անհրաժեշտությանը: