BBC.com կայքը Հայաստանի մասին մի հետաքրքիր հոդված է հրապարակել, ուր խոսվում է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիրը լինելու մասին և ներկայացվում մեր պատմամշակութային ու կրոնական հուշարձանները:
Հայաստանն ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն և համարվում է Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկը: Հակառակ իր չափսերին, երկրի տեղը համաշխարհային պատմության մեջ իսկապես շատ մեծ է: Պատմաբանները պնդում են, որ այն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է, քանի որ քրիստոնությունը որպես պետական կրոն Հայաստանում ընդունվել է մեր թվարկության 301 թվականին:
Այժմ հայերի 95%-ը քրիստոնյա են, իսկ երկրի երկար պատմությանը կարելի է ծանոթանալ այցելելով տեղի պատմամշակութային վայրեր:
Առասպելի համաձայն, Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդը եղել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած պարթև ազնվական Անակի որդին: Անակին մահապատժի ենթարկեցին, իսկ Գրիգորին հաջողվեց փախչել Կապադովկիա, ուր նրա հետագա դաստիարակությամբ զբաղվեց եպիսկոպոս Փիրմիլիանոսը:
Տարիներ անց Գրիգորը վերադարձավ հայրենիք և սկսեց Հայոց արքաներին ու Հայ ժողովրդին քրիստոնեություն քարոզել և համոզել, որ ընդունեն նոր կրոնը: Երբ սպանված թագավոր Խոսրովի Բ-ի որդի Տրդատ Գ արքան իմացավ Գրիգորի վերադարձի մասին, նրան ձերբակալելու հրաման արձակեց: Թագավորը տասներեք տարի շարունակ ստիպում էր նրան հրաժարվել Քրիստոնեությունից, սակայն Գրիգորին համոզել չհաջողվեց, և հակառակը՝ Գրիգորը ցույց տվեց հավատի ուժն ու կարողացավ փոխել թագավորի համոզմունքները: Այդպիսով, 301 թվականին Տրդատ Գ-ն քրիստոնեությունը հռչակեց որպես Հայաստանի պետական կրոն:
Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ ժայռակոփ ձորափի եզրին: Այն մեր թվարկության առաջին դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը: Ասում են, որ քրիստոնեության տարածումից դարեր առաջ կառուցված այս տաճարը նվիրված է եղել հայկական առասպելաբանության արևի Աստծուն:
Քրիստոնեության ընդունումից հետո Տրդատ Գ-ի հրամանով բազմաթիվ հեթանոսական տաճարներ ավերվեցին, բայց Գառնիինը այն եզակիներից էր, որ մնաց կանգուն: Այժմ այն խոհրդանշում է հայերի՝ նախկինում հեթանոս լինելը: Տարեկան ավելի քան 136.000 զբոշարջիկ է այցելում Գառնի. Հայաստանի այն զբոշարջության ամենահայտնի վայրերից մեկն է:
Մայրաքաղաք Երևանից դեպի արևմուտք գտնվում է Վաղարշապատ քաղաքը, որը բոլորին հայտնի է որպես «սուրբ մայրաքաղաք»: Այստեղ է տեղակայված 630 թվականին հիմնված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող Սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է կույս Գայանեի նահատակման վայրում: Նրան մահապատժի էր ենթարկել Տրդատ Գ-ն՝ իր իսկ քրիստոնյա դառնալուց տարիներ առաջ գաղտնի քրիստոնյա լինելու համար, և այդ պատճառով Հայ Առաքելական եկեղեցին Գայանեին դասել է սրբերի շարքում: Նրա գերեզմանը գտնվում է Սուրբ Գայանե եկեղեցու տակ:
Հայաստանի հարավ արևելքում՝ Արարատյան դաշտի մոտ է գտնվում Խոր Վիրապ վանական համալիրը, ուր բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:
Խոր Վիրապի աղոթարանը կառուցվել է 642 թվականին՝ Գրիգոր Լուսավորիչի բանտախցի վրա, իսկ համալիրի մյուս՝ համեմատաբար մեծ աղոթարանները ավելացվեցին ավելի ուշ՝ 1662 թվականին: Խոր Վիրապը ևս Հայաստանի ամենաայցելվող վայրերից է, ուր գրեթե ամեն օր իրականացվում են ամուսնության և մկրտման արարողություններ:
Գառնու տաճարից դեպի հյուսիս-արևելք գտնվում է Գեղարդի վանական համալիրը, որը նույնպես համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն: Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում՝ Հայաստանում քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո, սակայն համալիրի որոշ կառույցներ ավելացվել են 13-րդ դարում: Նախկինում այն անվանում էին «Այրիվանք» կամ «Այրերի վանք», քանի որ եկեղեցու որոշ հատվածներ գտնվում են լեռան ժայռաբեկորների մեջ փորված քարայրերում:
Վանքի անվան հետ կապված առասպելը պատմում է, որ Գեղարդն այն տեգն է, որով խոցել են Քրիստոսին, իսկ մինչ Սուրբ Էջմիածնի տաճար տեղափոխվելը, այն մոտ 500 տարի գտնվում էր Սուրբ Գեղարդի վանքում: Ահա, թե ինչու են մարդի որոշել վանքին այդպիսի անվանում տալ:
Վայոց Ձորի Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Զորաց եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում՝ այն ժամանակ, երբ երկիրը Մոնղոլական տիրապետության տակ էր և պատերազմում էր սիրիացի մամլուքների հետ: Եկեղեցին ունի մի խորան և երկու աղոթարաններ: Խորանի բարձր դիրքը թույլ է տալիս ենթադրել, որ մարտի մեկնելուց առաջ զինվորները գալիս էին այստեղ, որպիսի օրհնություն ստանան:
Խաչքարերը, կամ այլ կերպ ասած՝ քարի տափակ կտորները, որոնց վրա քանդակված են խաչեր ու այլ տարատեսակ զարդանախշեր, համարվում են հոգու փրկության խորհրդանիշներ, ընդ որում՝ և կենդանի մարդկանց, և թե հանգուցյալների համար: Առաջին խաչքարերն ի հայտ են եկել 9-րդ դարում, որոնք կանգնեցվում էին նախկին հեթանոսական վայրերում՝ ի նշան նոր հավատքի: Հիմա խաչքարերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում:
Գեղարքունիքի մարզում է գտնվում Նորատուսի գերեզմանատունը, որը Հայաստանում խաչքարերի ամենամեծ հավաքածուն է իր ավելի քան 800 խաչքարերով, որոնցից յուրաքանչյուրն ունեն յուրահատուկ և չկրկնվող դիզայն: Նորատուսի խաչքարերը պատրաստվել են տարբեր դարերում, իսկ ամենահինը պատկանում է 10-րդ դարին:
Առաջին հայացքից անգլիական Սթոունհենջին շատ նման հայկական Քարահունջը գտնվում է Սյունիքի մարզում՝ Երևանից դեպի հարավ: Այն զբաղեցնում է ավելի քան 7 հա տարածք, ուր բրոնզեդարյան ժամանակաշրջանում մահացած մարդկանց աճյունները դնում էին քարե դագաղների մեջ և ծածկում մեծ սալաքարով:
Քարահունջի 223 քարերից մոտավորապես մեկ երրորդի վրա կան շրջանաձև անցքեր, որոնք ըստ գիտնականների, հին ժամանակներում օգտագործվել են աստղադիտումներ անելու համար: Մեգալիթյան կառույցներն ունեն մինչև 2.8 մետր բարձրություն և կշռում են մոտավորապես 10 տոննա, իսկ վրան արված անցքերի տրամագծերը հասնում են մինչև 45 միլիմետրի: Այսպիսով, Քարահունջը համարվում է աշխարհի ամենահին աստղադիտարանը: