ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ավիաբազայի ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է արձակել հարվածել ավիաբազային, որից, նրա խոսքով, իրականացվել է ենթադրյալ քիմիական գրոհը Իդլիբ նահանգում:
Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպմանը: «Ես հրամայել եմ թիրախային ռազմական հարված հասցնել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ, որից քիմիական գրոհ է իրականացվել»,- ասել է նա:
ԱՄՆ Զինված ուժերն ավելի քան 50 հրթիռ են արձակել ռազմաբազայի ուղղությամբ, որը տեղակայված է Հոմս նահանգի տարածքում: Tomahawk տեսակի բոլոր հրթիռներն արձակվել են Հոմսի օդանավակայանի ուղղությամբ:
Fox News-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ն կարող է ուժային ակցիա իրականացնել Միջերկրական ծովում տեղակայված երկու ռազմանավերի միջոցով: Երկուսն էլ հագեցած են Aegis հակակրթիռային համակարգերով եւ Tomahawk թեւավոր հրթիռներով:
Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ ավիաբազայում կարող էին նաեւ ռուսական զինվորականներ գտնվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՊՆ-ն դեռեւս չի մեկնաբանում փաստը:
Ներկայում զոհերի մասին տվյալներ չկան:
Թրամփը հարվածը համարել է «համաչափ պատասխան» ենթադրյալ քիմիական գրոհին: Այդպիսով՝ նա անցել է այն սահմանը, որը չէր անցնում Բարաք Օբաման՝ սահմանափակվելով միայն սիրիական ընդդիմությանն աջակցելով: