Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին:
Ի դեպ, տոնը տարիներ առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաեւ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետեւյալ արարողությունները`
1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության հատուկ կարգ,
2. Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնություն:
Այս տարի Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը Նորին Սրբության օրհնությամբ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաեւ Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների: Օրհնության կարգից հետո ցերեկային կենտրոնի սաների համար կկազմակերպվի ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին նվերներ կբաշխի տոնի առիթով: