ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության գործավար, 26-ամյա Հերմինե Մովսեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, նա 2012 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում իր տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծաղկամանով հարվածել է Նինա Մովսեսյանի գլխին և վերջինի առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, 01-03-2013թ. իր կայացրած դատավճռում արձանագրել է, որ վիճաբանության ընթացքում Հերմինե Մովսեսյանի և Նինա Մովսեսյանի գործողությունների վերաբերյալ առկա են երկու իրարամերժ տվյալներ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հնարավորություն չեն տալիս հերքել կամ հաստատել դրանցից որևէ մեկը, ինչպես նաև սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Սահմանադրական և քրեական դատավարության օրենսգրքի նորմերը ամրագրում են՝ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը՝ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
Դատարանն այսպիսով գտել է, որ նշված երկու իրարամերժ տվյալների առկայության պայմաններում առկա է չփարատված կասկած` վիճաբանության ընթացքում Հերմինե Մովսեսյանի և Նինա Մովսեսյանի գործողությունների վերաբերյալ, որը համաձայն վերը նշված նորմերի` պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի, այն է` սույն դատավճռի հիմքում պետք է դրվի այդ իրարամերժ տվյալներից երկրորդը (Նինա Մովսեսյանը վերցրել է ծաղկամաններից մեկը և նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, սակայն Օֆելյա Խաչատրյանը խույս է տվել դրանից, որը դիպել է պատին և կոտրվել: Դրանից հետո Նինա Մովսեսյանը վերցրել է մեկ այլ ծաղկաման և կրկին ցանկացել այն նետել Օֆելյա Խաչատրյանի ուղղությամբ, որի ժամանակ Հերմինե Մովսեսյանը հրել է Նինա Մովսեսյանի ձեռքին եղած ծաղկամանը, որի արդյունքում այն ընկել է նրա գլխին):
Վերը նշված փաստերի հիման վրա Դատարանն եկել է եզրահանգման, որ Օֆելյա Խաչատրյանի ընտանիքին պատկանող ծաղկամանները Նինա Մովսեսյանի տան պատուհանի տակ դրված լինելու պատճառով Նինա Մովսեսյանը և Օֆելյա Խաչատրյանը վիճաբանել են, որի ժամանակ Նինա Մովսեսյանը ծաղկամաններից մեկը վերցրել է իր ձեռքը: Այդ ժամանակ Օֆելյա Խաչատրյանի դուստր Հերմինե Արտաշեսի Մովսեսյանը մոտեցել է Օֆելյա Խաչատրյանին և Նինա Մովսեսյանին, որից հետո Հերմինե Մովսեսյանի գործողությունների արդյունքում ծաղկամանը դիպել է Նինա Մովսեսյանի գլխին և վերջինի առողջությանը պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Դատարանն միաժամանակ արձանագրել է, որ ամբաստանյալ Հերմինե Մովսեսյանի կողմից տուժող Նինա Մովսեսյանի առողջությանը թեթև վնաս պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ:
Ուստի Դատարանը Հերմինե Մովսեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում անմեղ է ճանաչել և արդարացրել` վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով:
Դատավճիռը մեղադրող կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերադաս դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, Հերմինե Մովսեսյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել: Մեղադրող կողմը միջնորդում էր Հերմինե Մովսեսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր. 117 հոդվածով և նրան դատապարտել տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով: