Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին եւ խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը:
Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատեւել մի կարճ ժամանակահատված: Այդուհանդերձ, այն կարողացավ իր կարեւոր դերակատարությունն ունենալ հազարամյակների քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդի պատմության մեջ` յուրօրինակ կամուրջ հանդիսանալով նրա անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ:
Առաջին Հանրապետության դասերը միշտ պետք է ուղեկցեն մեզ եւ գալիք սերունդներին, որպեսզի աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ու բազմապատկենք ձեռքբերումներն ու հաղթանակները, այն ամենը, ինչին մեր ժողովուրդը հասել է բազմադարյա պատմության ընթացքում, հասել է իր տոկունության ու իմաստնության, տաղանդի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր հերոսական ժողովրդին, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին եւ մաղթում նոր հաջողություններ ու հաղթանակներ` հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման ճանապարհին: