NEWS.am-ը գրում է.
Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն առայժմ չի պատրաստվում վերադառնալ ակտիվ քաղաքականություն: NEWS.am-ին տված հարցազրույցում կին քաղաքական գործիչն անդրադարձել է առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, Զարուհի Փոստանջյանի հետ հնարավոր համագործակցությանն ու իր առաջիկա ծրագրերին:
Տիկին Զախարյան, Ձեզ մեղադրանք կա առաջադրված եւ արդեն տեւական ժամանակ դատական քաշքշուկների մեջ եք, արդյոք դա է պատճառը, որ ակտիվ քաղաքականություն չեք մտնում:
Քաղաքականության մեջ լինել կամ չլինել, այսպես թե այնպես այս գործոնը ես չեմ կարող փաստել, որ որեւէ դերակատարություն չի ունենում, սակայն սրանով հանդերձ ես հայտարարել եմ, որ այս գործոնն իմ քաղաքական դիրքորոշման վրա որեւէ առնչություն չի կարող ունենալ: Եթե անգամ քաղաքական առումով որեւէ միտում ունեն ինձ վնասելու, ապա իմ կեցվածքը պետք է մինչեւ վերջ լինի արժանապատիվ եւ ես չեմ պատրաստվում վախենալ կամ դատաքննության պատճառով հետ կանգնել այն բոլոր ազգային նպատակներից, որոնք դրել եմ իմ առջեւ: Իմ նպատակները շատ պարզ են՝ ունենալ օրինական , իրավական պետություն, կայացած տնտեսություն, քաղաքակիրթ միջավայր, մշակութային ստեղծագործական կյանք, ժողովրդի բարեկեցություն: Կարծում եմ՝ այստեղ քաղաքական, հեղափոխական միտումներ առկա չեն, մեր բոլոր նպատակը դա պետք է լինի:
Հնարավո՞ր է Ձեզ կրկին ակտիվ քաղաքականության մեջ տեսնենք:
Միանշանակ, ես ամենաակտիվ քաղաքական գործիչներից մեկն եմ եղել, եւ ինչպես նկատել եք, իմ պայքարը եղել է ոչ թե պաշտոնի, մանդատի համար, այլ իսկապես աշխատել եմ: Այս փուլում ես իմ անձնականի վրա եմ ուզում կենտրոնանալ, չեմ կարող իմ հայրենակիցներից թաքցնել, որ այս պահին մտածում եմ մայրանալու մասին, սա նույնպես շատ կարեւոր է:
Շուտով Երեւանի ավագանու ընտրություններ են, քաղաքապետի թեկնածուներից մեկն էլ Զարուհի Փոստանջյանն է: Որպես կին քաղաքական գործիչ՝ չեք ցանկանո՞ւմ նրան աջակցել:
Ես մի քանի ամիս առաջ դիմել էի Զարուհի Փոստանջյանին, որ հանդիպեինք, միասին որոշ հարցեր քննարկեինք, որովհետեւ վերաբերմունքս դրական էր, սակայն նրա կողմից որեւէ ակնառու պատասխան նրա կողմից չեղավ: Այսինքն, ես չտեսա այն գիտակցությունը, որ կին քաղաքական գործիչը հասկանում է, որ մենք այսօր ազգային ռեսուրսի լուրջ մոբիլիզացիայի կարիք ունենք, եւ «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ ես ի սկզբանե ճիշտ էի եւ այն առողջ կորիզները, որոնք տարբեր քաղաքական ուժերում առկա են եւ նոր եւ միջին սերունդն է ներկայացնում, մոբիլիզացիայի կարիք ունեն: Ես Զարուհի Փոստանջյանից որեւէ պատասխան չեմ ստացել, եթե նա ցանկանում է համագործակցել, իմ համարը դժվար չէ գտնելը, թող զանգահարի, հանդիպենք, խոսենք, ինքս որեւէ քայլ չեմ անելու այլեւս:
Տիկին Զախարյան, այնուամենայնիվ, որեւէ քաղաքական ուժի մտադի՞ր եք աջակցել:
Որքան էլ այս ընտրությունները ոմանք փորձում են քաղաքականացնել, մասնավորապես Զարուհին, ես հակված չեմ դրանք քաղաքական համարել, քանի որ քաղաքական կուլմինացիոն պահն առկա էր եւ եթե քաղաքական միջամտություն պետք է տեղի ունենար, հենց այդ փուլում պիտի տեղի ունենար: Հիմա Երեւանում կան բազում սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական, տրանսպորտային խնդիրներ, սրանք լուծելու համար առողջ, գիտական, մասնագիտական հիմնավորումներ ունեցող ծրագրեր են հարկավոր, որ երեւանցիները հասկանան՝ կա ծրագիր, որն այլընտրանք է ներկայիս քաղաքապետարանին: Այսօր Երեւանի քաղաքապետարանը դարձել է ծաղիկներ տնկելու եւ կանաչապատում անելու կառույց: Մինչդեռ մենք պետք է ձեւավորենք մշակութային մայրաքաղաքային մտածողություն: Քաղաքը պետք է ունենա ձեռագիր, կոլորիտ, մշակութային դեմք:
Ես կոչ եմ անում Զարուհի Փոստանջյանին ոչ թե քաղաքականացնել այս ընտրությունները, այլ ռեալ ծրագրային հստակեցված դրույթներով առաջ ընթանալ: Սա թող լինի իմ աջակցությունը նրան խորհրդի կարգով: Անկախ ամեն ինչից ես հայտարարել եմ, որ ուրախ եմ, որ կին քաղաքական գործիչներն ակտիվ են եւ իմ աջակցությունը կանանց նկատմամբ է ավելի շատ:
«Ելք» դաշինքի մասին ի՞նչ կարծիք ունեք:
«Ելքի» երիտասարդներից սպասելիքներ ունեմ, քան նրանց ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներից, որոնք ժամանակին շեղվել են իրենց որդեգրած ուղուց, գնացել են կուլիսային հարաբերությունների «Հանրապետական» կուսակցության հետ: Մեր արժեհամակարգին սա չի համապատասխանում, հիասթափություն է առաջացրել: Ընտրություններից առաջ ես պաշտոնական նամակով դիմեցի նրանց, սակայն նույնիսկ պատասխան չստացա: Այլեւս անելիքներ չունեմ այդ օղակի հետ: