Հին Գյումրու կարևոր ճարտարապետական հուշարձաններից մեկը Սև բերդն է, կամ գյումրեցիների լեզվով ասած` Սև ղուլը: Ի տարբերություն քաղաքում վերջին 20-25 տարում անհետացող կարևոր ճարտարապետական հուշարձան շենք-շինությունների, այս հուշարձանը, կարելի է ասել, այլեւս փրկված է: Կառույցը գնել և մարզահամերգային համալիրի է վերածելու  Բալասանյանների ընտանիքը: Այս իրողությունը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել:

 

   Անշուշտ, լավագույն տարբերակը կլիներ, որ Սև ղուլը դեռ 25 տարի առաջ, երբ լքվեց խորհրդային բանակի կողմից և մատնվեց բառիս բուն իմաստով անտերության, վերցվեր պետության հսկողության տակ, վերականգնվեր ու նորոգվեր: Սակայն անցած 25 տարիների ընթացքում այն օր օրի քայքայվում էր, փլուզվում և վերածվել էր «շուն գզվեցնելու» վայրի ու թմրամոլների` աչքից հեռու հավաքատեղիի: Եվ ահա, չգիտես ինչու որոշ մարդիկ դժգոհ են, որ Բալասանյանների ընտանիքը վերականգնում է «Սև ղուլը», երբ վերջինս հսկայական միջոցների ներդրմամբ իրականում դառնալու է նաեւ զբոսաշրջության կարևոր վայր: Հասկանալի է` դրա համար այս նախկին զինվորական տարածքում նաև մի քանի հյուրանոցային համարներ են լինելու: Հավանաբար սա էլ անհանգստացրել է այլ «մրցակից հյուրանոցատերերի»:

   Հետաքրքիր է, որ երբ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող այս կառույցը դեռ 2005 թվականին գնել էր մեր համաքաղաքացի, Սանկտ Պետերբուրգում բնակվող գործարար Հայկ Հայրապետյանը և ուզում էր այն նորոգել ու վերածել բիզնես-կենտրոնի, որևէ մտավորական, ճարտարապետ չբողոքեց, այլ ճիշտ հակառակը` շատերը ողջունեցին, որ Սև բերդը կփրկվի` ի տարբերություն Կումայրի արգելոցի տասնյակ այլ անկրկնելի հուշարձանների: Ավաղ, արմատներով գյումրեցի գործարարը մահացավ և չկարողացավ Սև բերդի ծրագիրը կյանքի կոչել: Հիմա որ Բալասանյանները գնել են կառույցը և ավելի մեծ միջոցներով վերականգնում ու մարզահամերգային համալիրի են վերածում այն, ոմանք իրենց դժգոհությունն են բարձրաձայնում, չառաջարկելով այլընտրանք:

   Այս երևույթն է ինձ համար անհասկանալի և վրդովեցուցիչ: Չմոռանանք, որ Գյումրին կարոտ է ներդրումների և այստեղ սովորաբար որևէ ներդրում չի արվում: Առնվազն այս առումով պետք է որ խրախուսվի տվյալ նախաձեռնությունը:   

Վահան Թումասյան  

 

sev xul 4338812608144 1607826405 o
sev xul 4338814088181 166163985 o