Ապրիլի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Դ. Տոնոյանի և ՛՛Պահապան՛՛ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի կողմից ստորագրվեց Համագործակցության հուշագիր ՀՀ ԱԻՆ և ՛՛Պահապան՛՛ զարգացման հիմնադրամի միջև: Սույն հուշագրով ամրագրվում է նախարարության և հիմնադրամի միջև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների վերանորոգման ծրագրի իրականացման գործընթացում:
Ծրագրի շրջանակներում կողմերը կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ թաքստոցների ընտրության և դրանց վերանորոգման կարիքները համատեղ գնահատելու համար: ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների և շահագործման վերաբերյալ:
Հիմնադրամը կիրականացնի սահմանամերձ համայքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների նորոգումը և կահավորումը:
Կիրականացվեն համատեղ միջոցառումներ և համապատասխան տեղեկատվության փոխանակում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երեխաների անվտանգության ոլորտում:
Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով և հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
Նշենք, որ «Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակներում ՛՛Պահապան՛՛ զարգացման հիմնադրամը նախաձեռնել է նաև մասնավոր սեկտորի ներգրավումը ապահով և անվտանգ սահմանամերձ համայնքների կառուցման գործընթացում: «Օգնիր կառուցել հաջորդը» կարգախոսի ներքո միավորվելու են Երևանում գործող մի շարք սրճարաններ (շուրջ՝ 20), որոնց հաճախորդները հնարավորություն կստանան իրենց ներդրումն անել սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում: