Life.tert.am-ը գրում է. 

«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցը Արմենիա TV–ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավար Սիմա Բաղդասարյանն է։

Մանկություն

Վառ հիշողություններ ունեմ մանկության հետ կապված։ Մայրս ամբողջ իր ժամանակը տրամադրում էր մեզ տարբեր խաղեր էր կազմակերպում և՛ տանը, և՛ բակում։ Նա մեզ տանում էր տարբեր մանկական միջոցառումների և ոչ մի բանից հետ չէր պահում։

Հիշողությունները շատ են։ Թերևս, ամենատպավորիչն այն էր, երբ այդ տարիքում ճոճանակի վրայից ընկա և կոտրեցի ձեռքս։ Ես ահավոր շատ վախենում եմ կատուներից։ Երբ նկատեցի կատվին վեր թռա և ընկա ճոճանակի վրայից։

Փոքր ժամանակ չարաճճի չեմ եղել։ Ավելի համեստ էի ու ամաչկոտ։ Սիրում էի բակ իջնել և բոլոր խաղերին մասնակցել։ Երբ շաբաթ և կիրակի էր գալիս ու մենք պետք է ընտանիքով գնայինք ամառանոց, ես շատ ծանր էի տանում, որ կարող եմ հետ մնալ բոլոր իրադարձություններից, ինչ տեղի է ունենում բակում։ Այն ժամանակ հաճախ էին կազմակերպվում ճամբարներ, միջոցառումներ, հանդեսներ, և ես միշտ պետք է մասնակից լինեի այդ ամենին։

Դեռևս այդ տարիքից սիրում էի վերցնել սանրը, որը շատ նման էր խոսափողի, ու հայելու առաջ երգել Ալլա Պուգաչովայի երգերը։ Պատկերացնում էի, որ երգչուհի եմ։ Հետո եկավ մի տարիք, որ նորից հայելու առաջ կանգնում և ինքս ինձ հարցազրույցներ էի տալիս, իբրև հայտնի մարդ եմ. միգուցե երգչուհի կամ դերասանուհի։ Դա տևել է շատ քիչ։ Հետո այն կարելի է ասել վերացավ իսպառ։ Հետաքրքիրն այն է, որ հետո ինձ հիշեցնում էին, որ տեսնում ես փոքր ժամանակ ինչի մասին երազում էիր ինչ–որ չափով իրականացել է։

Պատանեկություն

90–ականները իմ պատանեկության շրջանն է եղել, որն անցկացրել եմ Ռուսաստանում։ Մինչև հիմա շատ լավ եմ հիշում երգերը այդ ժամանակաշրջանի։ Պատանեկության տարիքում է, որ ամեն ինչ բուռն էր ընթանում։ Իմ մեջ առ այսօր դաջված են համերգները, միջոցառումները, որ կազմակերպում էին այն ժամանակ։

Աշխարհընկալումս այլ է եղել։ Քանի որ այդ տարիներին ես Մոսկվայում եմ մեծացել և իմ ընկալումները տարբերվել են Հայաստանում բնակվող իմ հասակակիցներից։ Ես դպրոցն այնտեղ եմ սովորել և ավարտել։ Այնտեղի այլ կերպ են մտածում։ Նրանք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա։ Չնայած հայրս շատ խիստ էր ու ավանդապաշտ։ Շփվելով այնտեղի երեխաների հետ` ավելի համարձակ եմ եղել, այդ ամենի շնորհիվ է, որ առ այսօր ես ավելի ազատ եմ արտահայտվում, ինքնուրույն եմ մեծացել , սահմանափակ չեմ եղել։ Երբ ամռանը գալիս էինք Երևան տեսնում էի, որ իմ հասակակիցները սահմանափակ էին մտածում և վախենում էին արտահայտել իրենց մտքերը, վախենում էին հագնել այն, ինչ ցանկանում են` նույնիսկ զգացմունքներն արտահայտելու հարցում էին այդպիսին։

Առաջին սիրահարվածությունը եղել է մանկապարտեզում, ես շատ զգացմունքային եմ եղել այդ տարիքից սկած, ինչը հետո վերացավ։ Դպրոցական տարիքում էլ եմ սիրահարվել։ Հիշում եմ 12 տարեկան էի և ինձանից մեծ տղայի էի համակրում։ Նա բացարձակ ինձ ուշադրություն չէր դարձնում, ավելին ասեմ, նա զզվում էր ինձանից։ Դա ցավ էր ինձ պատճառում։ Բայց հետաքրքիրն այն է, որ տարիներ անց, երբ ամեն ինչ անցել էր, այդ նույն տղան ինձ սիրահարվեց։ Դա իմ հաղթանակն էր առաջին։

Դպրոցում ավելի շատ ունեցել եմ ուղակի ընկերներ։ Ինձ շատ սիրում էին որպես ընկեր։ Չեմ կարող ասել, որ այդ ժամանակաշրջանում ունեցել եմ երկրպագուներ։ Տղաների հետ ավելի շատ ջերմ ընկերական հարաբերություններ եմ ունեցել։ Առ այսօր սիրում եմ տղաների հետ ընկերություն անել և շատ ընկերներ ունեմ։ Երկրպագուներ ունեցել եմ դպրոցական ավարտական դասարանում և համալսարանում։

Ավելի ակտիվ եղել եմ պատանեկության տարիքում։ Դպրոցում ինչ լինում էր ես էի կազմակերպում։ Միշտ առաջինը ես էի յուրաքանչյուր հարցում թե վատ պահվածքի, թե լավ պահվացքի։ Միշտ իմ անունն էր դուրս գալիս դպրոցում։

Մոսկվայում ունեցել եմ շատ ընկերուհիներ, որոնց հետ մինչ օրս պահպանում եմ կապը։ Երբ մեկնում եմ այնտեղ անպայման տեսնվում ենք։

Չափահասություն

Չափահաս տարիքում համեմատած ավելի հանգիստ եմ եղել։ Հաճախ էի մայրիկիս հետ կիսվում տարբեր թեմաներով։ Մինչև հիմա էլ այդպես է։ Ավելի շատ մամայիս հետ եմ կապված, քանի որ հայրիկիցս մի փոքր քաշվել եմ։ Մայրս ինձ համար առաջին հերթին իմ լավագույն ընկերն է։ Նա այնպիսի դիրք է դրել, որ երբեք չկաշկանդվեմ իրենից և՛ սիրային հարցերում խոսեմ, և՛ նույնիսկ մանրակրկիտ ներկայացնեմ յուրաքանչյուր երկխոսություն։ Դա շարունակվում է մինչև հիմա։

Իմ ծնողները բավականին երիտասարդ են եղել, երբ ծնվել եմ։ Ընդամենը 19 տարվա տարբերություն ունենք։ Մայրս այնպես է պահել իրեն, որ չեմ հասկացել իմ առաջ մեծ մարդ է կանգնած։ Չնայած նրա, որ երբեմն իր կարծիքը չի համընկել իմ կարծիքի հետ, բայց միևնույն է լսել եմ իրեն և խորհրդին հետևել եմ։

Իմ կյանքի կարգախոսն է` երբեք ոչ մի բանից չփոշմանել։ Ես այս տարիքում ունեմ մի պատմություն, որը յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ամիս հիշում եմ ժպիտով, որովհետև դա արդեն անցել է։ Նույնիսկ, եթե վատ բան է, մեկ է դա անցյալում է։ Քանի որ դրանից դու միայն դաս ես քաղել։ Այսօր դա հիշելով ժպտում եմ։

Ամուսնուս հանդիպել եմ 29 տարեկանում, երբ ինձ թվում էր, որ չկա այնպիսի տղամարդ, որը ինձ դուր կգա։ Այդ տարիքում շատ քիչ էի սիրահարվում և շատ բծախնդիր էի։ Նա իմ ընկերներից մեկի ընկերն էր, երբ պատահական հանդիպեցինք։ Եթե ոչ առաջին հանդիպումից, ապա երկրորդից իրեն սիրահարվել եմ մինչև ականջիս ծայրը։ Մեկ ամիս անց մենք սկսեցինք հանդիպել։ Մայիսին կլրանա մեր համատեղ կյանքի 5 տարին։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես հավերժ իր հետ եմ եղել։ Այդքան հոգեհարազատ ենք իրար։

Կան չափանիշներ, որոնք հաշվի եմ առնում տղամարդու մեջ։ Բայց երբ սիրահարվում ես, երբեմն ուշադրություն չես դարձնում դրանց վրա։ Եթե խոսենք առանց սիրահարվելու ինչ չափանիշներ եմ հաշվի առնում, ապա կասեմ առաջինը` արտաքին տեսքը։ Որքան էլ շատերը ասեն, որ արտաքինը կարևոր չէ, միևնույն է առաջինն արտաքինն է։ Ինձ համար անչափ կարևոր է, որ նա խնամված տղամարդ լինի։ Սիրում եմ, որ տղամարդը ունենա հումորի զգացում և իր բնույթով լինի հետաքրքիր, որ խոսեմ իր հետ տարբեր թեմաներից և չձանձրանամ։ Իհարկե, այն ասացվածքը, որ տղամարդը պետք է տղամարդ լինի։ Ես հանդիպել եմ այս ամենն իմ տղամարդու մեջ։ Թե իր արտաքինով, թե իր բովանդակությամբ կարողացել է ինձ գերել։

Այնքան հետաքրքիր է ես, երբեմն, նրան նմանեցնում եմ իմ հայրիկին։ Ես իմ ծնողների տանը տեսել եմ, թե ինչպես է հայրս սիրում մայրիկիս։ Իրենց այդ զգացմունքը երբեք չեն թաքցրել և ես մեծացել եմ այդ մթնոլորտում։ Շատ ուրախ եմ, որ այդ նույն զգացողությունն արդեն իմ ընտանիքում շարունակվում է։

Երազանքներիցս մեկը մայրության հետ կապված է հուսամ մոտ ապագայում դա իրականանալու է։ Չեմ կարող ասել, թե ինչպիսի մայր կլինեմ։ Բայց ի տարբերություն իմ մայրիկի կարծում եմ խիստ կլինեմ։