Շուշանիկ Արևշատյան. կին, ով 0-ից կերտել է իրեն և այն ամենը, ինչին հասել է։ «Ռադիո Վանն» ու ֆինանսական կայունությունը նրան հեշտ չեն տրվել, սակայն կյանքի ոչ մի իրավիճակում չի ընկճվել։ Երբ 2 երեխաներին` Աննային և Էդուարդին պահելու խնդիր է ունեցել, արել է ամենատարբեր աշխատանքներ։ Tert.am Life–ն իր անկեղծ զրույցների շարքում այս անգամ անդրադարձել է Շուշանիկ Արևշատյանին։ Նրա հետ զրուցել ենք անցած ճանապարհի, տարբեր աշխատանքներ անելու, «Ռադիո Վանը» ստեղծոլու զարմանալի պատմության մասին։
Քանի որ վերջերս նրա մասնակցությունը X-Factor-ում առանց ինտրիգների չանցավ, չենք շրջանցել նաև այդ թեման։ Զրուցել ենք կուլիսային հարաբերությունների և նախագծի հետ այլևս չհամագործակցելու որոշման մասին։
-Տիկին Շուշանիկ, ռադիոմագնատի համբավ ունեք։ Հիմա մի քանի ռադիո եք ղեկավարում, սակայն դա Ձեզ հենց այնպես չի տրվել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։
–Երբ տուն ես կառուցում, հիմքը պետք է ամուր լինի։ Կյանքը կարելի է բաժանել էտապների։ Առաջին` մանկության փուլն ինձ մոտ եղել է երջանկության գագաթնակետ։ Դրա շնորհիվ ես ունեմ սիրելու ունակություն, ինչն ինձ ուժ է տալիս։ Փառք Աստծո, որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ կար շատ սեր։ Դպրոցական տարիների փուլը ևս ինձ մոտ եղել է շատ երջանիկ. ընկերություն, առաջին սեր, ճիշտ հարաբերություններ մարդկանց հետ։ Դպրոցում այնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, որ կայացել եմ որպես մարդ։ Դա շարունակվել է համալսարանում, որտեղ բարձրակարգ մասնագետներ են դասավանդել մեզ։ Երբ մենք ավարտեցինք համալսարանը և մտանք կյանք, շատ մեծ բազա ունեինք։ Ժամանակն էր այդ ամենը տալու, սակայն հենց այդ փուլում սկսեց փլուզվել ԽՍՀՄ–ը։
Դժվարությունները սկսվեցին 1988 թվականից։ Շատ դժվար, բայց հույս տվող տարիներ էին։ Մենք անհամեմատ ավելի վատ էինք ապրում նյութապես, բայց անհամեմատ ավելի լավ էինք զգում մեզ, քանի որ մթնոլորտը շատ ավելի առողջ, պոզիտիվ ու հույս տվող էր։ Ես արդեն ամուսնացած էի, ունեի փոքր բալիկ։ 21 տարեկան էի, սակայն դասավանդում էի Պոլիտեխնիկում։ Երբ ամեն բան փլուզվեց, ամուսինս մեկնեց արտերկիր աշխատելու, ես մնացի այստեղ։ Վերջ, գեղեցիկ կյանքն ավարտվեց, սկսվեց շատ բարդ փուլ, երբ մենակ ես։
–Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվարին փուլը։
– Ամուսնին արդեն գնացել ու կորել էր, ինչպես շատ կանանց ամուսիններ։ Ես մեկնեցի Մոսկվա, որտեղ արել եմ ամեն տեսակ աշխատանք, բացի գողությունից և պոռնկությունից։ Աշխատում էի 3 տեղ։ Տանը թխվածքներ էի թխում, դոլմա փաթաթում, վաճառում հարակից խանութներին։ Անում էի ամեն ինչ, որպեսզի կարողանայի հոգալ մեր ապրուստը։ Մեր շենքում քրդեր էին ապրում, ովքեր ինձ պատվիրում էին աղցաններ, ուտեստներ պատրաստել, իրենք 100 հոգով էին հավաքվում հաց ուտելու։ Դույլերով աղցաններ էի պատրաստում, գիշերները նստում էի, լացելով կտրատում, որ առավոտյան գան տանեն։
Հիշում եմ օրերը, երբ գումար չունեի, բայց երեխաներս պետք է նարինջ, մանդարին ուտեին, որպեսզի վիտամին ստանային։ Խանութում փչացած նարինջն ու մանդարինը մաքրում էին, առողջ մասերն էժան վաճառում։ Միայն դա էի կարողանում գնել։ Երեխաներս ասում էին` ինչու մենք ամբողջական նարինջ չենք ունենում, ասում էի` այդպես աղբ չի լինում։
Ամեն ինչ անում էի, շաբաթ–կիրակի էլ երեխաներիս տանում էի թատրոն։
–Շատ կանայք ընկճվում են նման իրավիճակներում։
–Ես չէի ընկճվում, որովհետև երկար չէի կարող այդպես ապրել։ Գիտեի, որ այդ ամենն ավարտվելու է, էտապ առ էտապ առաջ եմ գնալու։ Եթե քեզ պետք է միայն ուտել ու հագնել, երբեք վերև չես բարձրանա, սակայն եթե ունակ ես սիրելու, հաստատվելու, հանրությանն օգուտ բերելու, կանցնես հաջորդ էտապ։ Ես սկսեցի ընդլայնել ուտելիք սարքելու գործը. 10 կգ–ն դարձավ 20, 20–ը` 30։ Հետո սկսեցի մարդկանց վարձել մեր մուտքից։ Աստիճանաբար ամբողջ մուտքը սկսեց աշխատել և ապրել այդ միջոցով։ Իրենց սովորեցրել էի` ինչպես պատրաստել, ու ես արդեն գումար էի հաշվում։
Երբ 20 կգ–ով ինչ–որ բան էի պատրաստում, ռադիոն անընդհատ կողքիս էր, միակն էր, որ կար իմ կյանքում, իր հետ էի խոսում։ Այդ ամենից հետո եկա Երևան, քանի որ արձակուրդներին երեխաներիս բերում էի Հայաստան։ Հայրս ասաց` ինչ չես կարող այստեղ անել, որ այնտեղ ես անում, ասացի` ուզում եմ ռադիո բացել։
- Ե՞վ։ Ձեր հայրն ինչքանով օգնեց Ձեզ։
–Հայրս այն ժամանակ ԱԱԾ–ում կապի վարչության պետն էր, ասաց` դա հեշտ հարց է, սպասիր, մի քանի օրում կլուծենք։ Մի քանի օրը դարձավ 3 տարի։ Հարցը լուծվեց, երբ ինքս սկսեցի այս ու այն կողմ ընկնել։ Լուծումը մի թուղթ էր` լիցենզիա։ Հայրս բերեց, ասաց` ահա քեզ լիցենզիա 103-ի վրա։ Առաջ եկավ հաջորդ խնդիրը։ Անհրաժեշտ էր հեռահաղորդիչ (պերեդատչիկ)։ Դա ամենակարևորն էր։ Եթե դա միացնեինք, ռադիոն արդեն կար, եթե ոչ 3 ամսից լիցենզիան անվավեր էր։ Մի խոսքով` պետք էր գումար, որը չկա։ Այդտեղ սկսվեց միստիկան։ Երբ մի բան շատ ես ուզում և քո բոլոր մասնիկներն աշխատում են այդ ցանկության վրա, երկրագունդը սկսում է օգնել քեզ։
Մեզ պետք էր մոտ 10.000 դոլար, որը չկար։ Օրերն անցնում էին։ Այդ ընթացքում մահացավ ամուսնուս տատիկը և իր բնակարանը ժառանգեց տղայիս։ Նրա թաղման հաջորդ օրը վազելով գնացի Գյումրի, մտա 2000 դոլարով վաճառեցի տունն ու երջանիկ վերադարձա Երևան։ Հաղորդիչն արժեր 3000 դոլար, պայմանավորվեցի 2000 դոլարն ուղարկել, 1000 դոլարն ընթացքում տալ։ Լիցենզիայի վերջին 5 օրվա ընթացքում` 1998 թվականի դեկտեմբերի 8–ին, հաղորդիչը վազելով տնկեցինք և ասացինք` եթերում է «Ռադիո Վանը»։ Վերջ։ Մենք նույնիսկ երթուղայինի գումար չունեինք, 2 տարի Արտակ Մուրադյանը, որը 20 տարի է` ինձ հետ է և մեր տեխնիկական տնօրենն է, վինչեստրը վերցնում էր, երգ գրում, ոտքով գնում հեռուստաաշտարակ, այն դնում համակարգչի մեջ, հինը վերցնում և ոտքով վերադառնում տուն։
Աբսուրդ էր։ Եթե ես մի օր գիրք գրեմ` ինչպես եմ հիմնել իմ ռադիոն, ամբողջ աշխարհը կծիծաղի ինձ վրա։ Վինչեստրի մեջ մի գիգաբայտ տեղ էր։ Քանի որ հնարավորություն չունեինք ավելի մեծն ունենալու, երաժշտությունը կրկնվում էր։ Մարքեթինգի մեջ նման բան չկա, բայց պարզվում է` մարդկանց դա դուր էր եկել, իրենք սպասում էին, որ այս ժամին այս երգը լսեն։ Դա բերեց նրան, որ Երևանն այդ ժամանակ լսում էր «Ռադիո Վան», որովհետև խոսք չկար, գովազդ չկար, լավ երաժշտություն էր, մի բան էլ կրկնվում էին սիրելի երգերը։
– Տարիների ընթացքում դաշտում բացվեցին և փակվեցին մի շարք ռադիոկայաններ, սակայն «Ռադիո Վանն» ու իր դեմքերը մնացին հաստատուն։ Ինչպես կարողացաք այդ պայմաններում մարդիկ հավաքել ձեր գաղափարի շուրջը։ Ի վերջո, այդ տարիներին մարդիկ պայքարում էին գումար` ապրուստի միջոց, հայթայթելու, իրենց ընտանիքները պահելու համար։
– Ես սիրում եմ մարդկանց։ Ես ոչ երգում եմ, ոչ պարում, ոչ նկարում, բայց ունեմ մի ունակություն` կարող եմ ձեզ վարակել իմ գաղափարով։ Եթե ես հավատում եմ ինչ–որ բանի, կարողանում եմ բոլորին հավաքել շուրջս։ Իմ կողքին հայտնվեցին գաղափարի մարդիկ և կրկին աշխատեց երկրագունդը։ Երբ մեր թիմի անդամները եկան այստեղ, 22-23 տարեկան էին, հիմա արդեն «ձյաձյաներ» են։ Ես իրենցից մոտ 10 տարի եմ մեծ։ Մենք միասին կայացանք։ Բառի բուն իմաստով մենք հաց ենք կերել մի ափսեից։ Փող չունեինք մեծ ընդմիջում անելու, վարձել էինք Ժենյա ծյոծյոյին, ով 3000 դրամի փլավ էր պատրաստսում, երբեմն, կարող էր կոտլետ և կաղամբով ին–որ բան լինել։ Դա էր և 8 հոգի։ Մենք 8 գդալով մի «կաստրուլյայից» հաց ենք կերել ամիսներ շարունակ։ Մենք արդար պայմաններում ենք աշխատել, ոչ թե մեկին շատ, մեկին քիչ։
Առաջին անգամ աշխատել ենք 200.000 դրամ փող, հավասար կիսել ենք` ամեն մեկիս 20.000 դրամ։ Մարդ կա, այդ 20.000 դրամի վրա ամսաթիվ է գրել և պահել մինչև հիմա։ Երբ արդարություն ու հավատ կա քո նկարմամբ, կա նաև վստահություն։ Ինձ համար շատ դժվար էր այս տարիների ընթացքում աշխատավարձերի և այլ հարցեր լուծել, բայց ստացվեց։ «Ռադիո Վանի» դեմքերն ինձ հետ միասին են կայացել։ Այսօր իրենք ունեն տներ, երեխաներ, լավ հագնվում են, լավ ուտում են, Եվրոպա են գնում։ Հիմա իրենք դեմքեր են, այլ առաջարկներ ունեն։ Սա իրենց տունն է, որտեղից դուրս են եկել մեծ աշխարհ։ Մեկ–մեկ ասում եմ` 20 տարի ամուսիններն իրար հետ չեն ապրում, կլինի՞ մի օր ձեզ չտեսնեմ:)
–Դուք թիմի ղեկավարն եք և ունեք ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ, որը մեծ պատասխանատվություն է։ Հավասարության և ընկերության մեջ ունե՞ք սահմաններ, որոնք Ձեզ օգնում են չկորցնել դիրքը։
–Ես այդ հարցում շատ շնորհակալ եմ իմ անձնակազմին, որովհետև երբեք իրենց թույլ չեն տվել անցնել այդ սահմանը` ավելին ասել, ավելին ուզել։ Իրենք միշտ խնայել են ինձ։ Ես խնդիր եմ ունեցել միայն այն ժամանակ, երբ ընկերական եմ եղել, բայց մարդուն պիտի հեռացնեմ աշխատանքից։ Այդ ժամանակ ինձ համար շատ դժվար է եղել։
Արամ Չախոյանն աշխատում էր մեզ մոտ։ Մի պահ իրեն վատ պահեց, չեկավ եթերի, իր չգալը գցեց ուրիշի վրա։ Ես շատ զայրացա մյուսի վրա, նա դա լսեց և չասաց, որ ինքն է մեղավոր։ Երբ իմացա, որ դա Չախոյանն էր, շատ զայրացա. քիչ է` չէր եկել եթերի, քիչ է` քաշել էր, մի բան էլ ուրիշն էր պատասխան տվել դրա համար։ Երեքը մեկում շատ էր։ Նա եկավ եթերի, ասացի` ինչու ես ինձ ժպտում, մտիր եթեր, և սա քո վերջին եթերն է։ Ասացի` դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում, բայց այլևս չես կարող աշխատել այստեղ։
–Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք։
–Շարունակում ենք ընկերություն անել։ Իրենք հաստատ գիտեն, որ այդ իրավիճակում իմ երեխան, իմ ծնողն էլ լիներ, դուրս կգար։ Ինձ համար դժվար է, տառապում եմ, մինչև ասում եմ, բայց ասում եմ։
–Եգոր Գլումովը Ձեզ մոտ աշխատանքի անցավ այն բանից հետո, երբ եկավ ու ասաց, որ Ձեզ մոտ ամեն ինչ վատ է։ Ձեր փոխարեն շատերը կփորձեին պաշտպանվել։ Դուք իրեն հրավիրեցիք աշխատանքի, որպեսզի ավելի լավ անի այն, ինչ չի հավանում։ Առհասարակ, ինչպես ե՞ք վերաբերում քննադատություններին։ Գլումովին համակրեցի՞ք, թե՞ միշտ եք այդպես վարվում։
–Գլումով, սիմպատիա, վաաայ... Ես հետո եմ իրեն շատ սիրել։ Երբ Գլումովը եկավ, ասաց ձեզ մոտ շատ վատ է ամեն ինչ, ասացի` կարո՞ղ ես ավելի լավ անել, ասաց` այո։
Իմ կարգախոսն է` մենք անում ենք` ինչպես կարողանում և զգում ենք, եթե ինչ–որ մեկը կարող է ինձանից լավ անել, թող անի։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես ուզում եմ նոր դեմքերի տեսնել։ Հիմա էլ եմ պատրաստ նոր դեմքերի ընդունել, բայց բերում եմ երիտասարդների ու հասկանում, որ բագաժ չունեն։ Եթեր մտնելու ճանապարհն այստեղից 10 մետր է, բայց այդ ճանապարհն անցնելու համար տարի է պետք։ Հիմա էլ ուզում եմ երիտասարդների վերցնել։ Իրենց համար կուրսեր կկազմակերպենք, Մոսկվայից մասնագետների կհրավիրենք, որից հետո միայն կընտրենք մի քանիսին։ Ուզում եմ նոր ռադիոսերունդ մեծացնել։ Զգում եմ, որ հիմա դրա ժամանակ է։ Ինձ դատարկ խոսող մեկը պետք չէ, որ եթերում մի բան հարցնեն, պապանձվի։ Դրա փոխարեն լավ երաժշտություն կդնենք։
-Լինելով մարդ, ով շատ լավ հասկանում է` ինչ է պետք անել եթերում, սովորաբար մնում եք ստվերում։ Եթերում լինելու փորձ արե՞լ եք։
–Այո։ Գիշերային թույն եթերներ էինք անում Արթուր Գրիգորյանի հետ։ Ձայնս էլ խռպոտ... Մոտ կես տարի ծրագրերի ցիկլ ենք արել, այնպես էինք անկեղծանում` սեր, տառապանք... Ասում էի` դուրս գամ եթերից, թե չէ ձեր հացը կկտրեմ։) Հետո դադարեցինք, որովհետև այդ թեմաները չեն կարող անսպառ լինել։ Դա անկեղծություն է, որը պետք է ներսից գա։
–Այսօր «Ռադիո Վանը» որքանո՞վ է շահավետ նախագիծ` հաշվի առնելով, որ ընդառաջ չեք գնում հանրության պահանջին։
–Շահավետ է։ 18 տարում մենք սերունդ կերտեցինք։ Ռադիոն իր առավելությունն ունի` անսպասելի է, ի տարբերություն քո փլեյլիստի, ու դա հետաքրքիր է։
–Հիմա ունեք ֆինանսական կայունություն։ Դա պահում եք միայն «Ռադիո Վանի» շնորհիվ, թե՞ եկամուտի այլ աղբյուր էլ ունեք։
–Մենք այսօր ունենք 4 ռադիո` «Վանը», Русское Радио–ն և ևս 2 ռադիո, որոնք կառավարում ենք` «Ռադիո Հայ» և «Հայ FM»։ Մենք ունենք մեծ փրոդաքշն, որը տարբեր արտադրանքներ է տալիս, կրկնօրինակում ենք անում, աուդիոգրքեր ձայնագրում։ Պատվերներ ենք ունենում արտերկրից։ Նաև նոր նախագծեր ունենք։
–Շատերը բողոքում են, որ Հայաստանում կա՛մ պետք է անել այն, ինչը մեծ պահանջարկ է վայելում, կա՛մ լինել աղքատ։ Ինչպե՞ս եք կարողանում ֆինանս ունենալ` գնալով հակառակ ուղղությամբ։
–Մեր բախտը բերել է, մենք ռուսալեզու ենք, հիմա նաև անգլալեզու։ Քանի որ ռադիոն կարելի է լսել նաև օնլայն, հնարավորությունները մեծացել են։ Օրինակ` «Վանի» մրցանակաբաշխությունն օնլայն հեռարձակեցինք և ունեցանք 12.000 դիտում։ Դրա վրա դնում ես գովազդ և գումար ես աշխատում։ Գումար աշխատելու միջոցները փոխվել են։ Դրա համար ուղղակի պետք է ճկուն լինել։
–Տիկին Շուշանիկ, վերջերս ներկայացաք X-Factor նախագծում, որը Ձեզ համար կոնֆլիկտային դարձավ, երբ ձեր թիմից Դավիթ Չախալյանը դուրս մնաց նախագծից։ Դրանից հետո պարբերաբար եթերում նշվում էր, որ մասնակիցը պետք է արժանապատիվ դուրս մնա նախագծից։ Կոնֆլիկտն ինչպե՞ս անդրադարձավ Ձեր հարաբերությունների վրա։ Ներքին խնդիրներ եղե՞լ են, որ մնացել են կադրից դուրս։
–Ցանկացած մրցույթում լինում են դժգոհություններ, դուրս մնացողն ու իր երկրպագուները դժգոհ են, հաղթողն ու իր երկրպագուները` գոհ։ Քվեարկությունը, իրոք, արդար է։ Դավիթը դուրս եկավ արդար, սակայն կան մարդիկ, որոնց X-Factor-ի ղեկավարությունը համակրում է և մարդիկ, ում չի համակրում։ Եթե չես համակրում, քեզ թվում է` բոլորը պիտի չհամակրեն։ Շատ հեշտ է չսիրել, դժվար է փորձել փոխել։ Հեշտ է սիրել հարմարվող մարդկանց։ Կոնկրետ Դավիթն էվոլյուցիա է ապրել։ Ինքը չոր, չենթարկվող տեսակ է, սակայն ես տեսնում եմ` հիմա ոնց է շփվում մարդկանց հետ, ում հետ կոնֆլիկտ է ունեցել։ Հիմա ասում է` ես ոնց եմ ինձ սիրում այսպիսին։
Ես «Շանթի հետ առաջին անգամ չեմ աշխատում, բայց իմ մասնակցությունն X-Factor–ում ինձ մոտ նստվածք թողեց, որովհետև ես ամեն հարցի վերաբերյալ ունեմ իմ տեսանկյունը։ Իրենք ինձ դիտարկում են որպես «ընդդիմություն»։ Ես համաձայն չէի իրենց երգացանկի հետ, անընդհատ բերում էի իմ երգերը։ Ինձ ասում էին՝ դա կոնկուրսային չէ, չեն քվեարկի։ Ես այն մարդը չեմ, որ պետք է բավարարի հանրության պահանջը, ես մարդ եմ, որը դաստիրակում է ճաշակ։ «Ռադիո Վանը» դրա ապացույցն է։ Եթե ես գնամ հանրության ճաշակով, իմ դերը 0 է, չաշխատեի, լավ չէ՞ր։
Ես չէի հասկանում` ինչպես կարելի է անընդհատ անել դուդուկ–դհոլ–ողբ։ Մեր կոնֆլիկտը ոչ թե անձնական էր, այլ գաղափարային։ Անդրեն անում է ամեն ինչ, որ իր օգտին քվեարկեն., աշխատում է հանրության վրա և շատ ճիշտ է անում։ Ես կա՛մ պիտի չգայի նախագիծ, կա՛մ պիտի անեի այն, ինչ բոլորը, բայց չէի կարող։ Ես այլ կերպ էի տեսնում այս նախագիծը։ Երևի, սխալվում էի։
–Հետագայում էլի կաշխատե՞ք «Շանթի» հետ։
–«Շանթի» հետ` այո, «Պրեմիերա», X-Factor և նման նախագծերի հետ` ոչ։ Ես համաձայն չեմ այն մթնոլորտի հետ, որ ստեղծվեց X-Factor–ի ժամանակ։
–Ժյուրիի անդամների միջև եթերում լարվածություն էր նկատվում։ Ի՞նչ հարաբերություններ ունեք կադրից դուրս, նախագծից հետո։
–Դա արվում էր շոուի համար։ Կուլիսային շփումն այնպես է, ինչպես նախկինում։ Մենք ընկերներ չենք եղել։ Ես միայն Գարիկի և Գիսանեի հետ եմ ընկերություն արել, մյուսների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Նախագծի համար որևէ մեկի հետ հարաբերություն չեմ փչացնի։