«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահը եւ փոխնախագահները, ովքեր են պահպանելու նախարարական պորտֆելները, իսկ ովքեր՝ կզրկվեն դրանցից, ում են մեր կուսակցական շեֆերը թույլ տալու պատգամավոր դառնալ, ում չեն թողնելու՝ այդ ամենը ես չգիտեմ: Ես, ի տարբերություն իմ շատ գործընկերների, մտերիմ չեմ նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ, չեմ մասնակցում նրանց զրույցներին եւ բանակցություններին, ոչ էլ նրանք են ինձ պատմում, թե ինչ են տալիս-առնում: Մի խոսքով՝ «հավաստի աղբյուրներ» չունեմ: Բայց ասել, թե ինձ շատ է հուզում, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով ինչ մանդատ կստանա` դա էլ չափազանցություն կլիներ:

Բայց արի ու տես` այդ հարցերը շատ են հետաքրքրում մեր բնակչությանը: Երեկ հերթական տաքսիստը, հենց նստեցի, հարցրեց` «Արդեն որոշված է, հա՞, ով է լինելու Ազգային ժողովի նախագահը»: Ասում եմ` «Նոր Ազգային ժողովը դեռ չի հավաքվել, որ խորհրդարանի նախագահ ընտրի»: «Չէ,- պնդում է զրուցակիցս,- նոր ռադիոն ասաց` Շարմազանովն է լինելու»: Ուսերս թոթվում եմ` դե, եթե ռադիոն է ասում, ուրեմն մի բան գիտի: «Բայց Տաշիրի Սամոն կնեղվի»՝ «քաղաքականապես կոփված» տաքսիստ էր:

Սակայն բուն թեման, իհարկե, այլ էր` «Յանի էս երկիրը կդզվի՞»: «Չեմ հասկանում այդ հարցը»: «Ապագայում լավ բաներ տեսնելո՞ւ ենք»: «Ես իմ կյանքում ամեն օր լավ բաներ եմ տեսնում»: Լռություն: «Բարձրաշխարհիկ զրույցը» շարունակելու համար հարցնում եմ՝ «իսկ դու ո՞ւմ ես ընտրել»: Լռություն՝ մինչեւ երթուղու ավարտը: Եթե մարդը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն պատասխանն ակնհայտ է:

Եվ ահա թե ինչ եմ ես մտածում: Ոչ իմ, ոչ էլ նրա կյանքը կախված չէ նրանից, թե ով կլինի Ազգային ժողովի նախագահը, եւ ովքեր են լինելու նրա տեղակալները Դաշնակցությունից եւ ԲՀԿ-ից: Կախված չէ նրանից, թե ովքեր են ստանալու նախարարական պորտֆելներ, եւ դրանցից քանիսն են լինելու ՀՅԴ-ինը: Կախված չէ նրանից, թե ում կորոշի Ծառուկյանը պատգամավորական մանդատ պարգեւել, իսկ ում կզրկի այդ հաճույքից:

Մեր կյանքը որոշ չափով կախված է նրանից, թե ում ենք մենք ձայն տվել ընտրությունների ժամանակ: Ավելի շատ կախված է նրանից, թե արդյոք մենք ամաչում ենք մեր կատարած ընտրությունից: Իսկ ամենաշատը կախված է նրանից՝ մենք կարո՞ղ ենք կյանքում լավ բան տեսնել, թե՞ ոչ:

Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ «ե՞րբ է երկիրը դզվելու», նրանք թաքուն հույս ունեն, որ ես նրանց փոխարեն «երկիրը կդզեմ»: Երբ նրանք ասում են՝ «սրանց գյուլլել-վառել է պետք», նրանք ենթադրում են, որ ես պիտի գնամ եւ որեւէ մեկին վառեմ կամ գյուլլեմ: Կամ մեկին կհանձնարարեմ, որ դա անի: Երբ նրանք հարցնում են, թե ով է զբաղեցնելու այս կամ այն պաշտոնը, նրանք ակնկալում եմ, որ ես կասեմ որեւէ մի անուն, որը նրանց լիուլի հնարավորություն կտա իրենց բացասական էմոցիաները լիցքաթափելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում