Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Հայաստան ներմուծված ադրբեջանական խնձորի խնդրին: Նա ասաց, որ ապրիլի 23-ից շրջայցի արդյունքում արձանագրվել են այս դեպքերը: Նախնական արդյունքներով այդ ապրանքը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և համաձայն օրենսդրության՝ ենթակա է օգտահանման:
Իշխան Կարապետյանը հստակ պատասխաններ չտվեց լրագրողների հարցերին, թե ով է ներկրել այդ խնձորը Հայաստան: «Հաշվի առնելով, որ դեպքն արձանագրվել է, ՍԱՊԾ-ը ՊԵԿ-ի հետ ներկայում գործողություններ է իրականացնում, որպեսզի նախ իրացման վայրերում բացահայտի վերջնական խմբաքանակը: Եվ արդունքներն ամփոփելուց հետո մենք արդեն համատեղ հայտարարություն կանենք: Ներմուծող ընկերություն չկա»,- ասաց նա:
Հարցին, թե անհա՞տ է ներմուծել, ինչպե՞ս է ապրանքը հայտնվել Հայաստանում, նա պատասխանեց. «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե Սննդամթերի անվտանգության պետական ծառայության բազայում առկա չէ»:
Հարցին, թե վարչապետի մոտ մաքսանենգության տարբերակի հարցը բարձրացվե՞լ է, Իշխան Կարապետյանը շտկեց իր խոսքը. “Ես նման կարծիք չհայտնեցի, ես ընդամենը նշեցի, որ եթե դուք մեկնաբանում եք դա մաքսանենգություն, դա ձեր կարծիքն է: Ես նշեցի, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մինչև 50 կգ ներկրել: Եվ ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե ինչպես է ներկրվել այդ խնձորը, որովհետև սահմանային հսկողության շրջանակներում ՍԱՊԾ տեղեկատվական բազայով որևէ տեղեկատվություն առկա չէ”:
Ըստ Կարապետյանի՝ սուպերմարկերներում իրենք պարզել են, որ այդ ապրանքը ձեռք են բերել շուկաներից:
“Դուք գիտեք, որ օրենսդրությամբ թույլատրվում է ներկրել մինչև 50 կգ համապատասխան գյուղմթերք: Ներկայում քանակները, որոնք օգտահանվել են շուկայում, համադրվում են, և ՊԵԿ-ի հետ կատարվում է վերլուծություն”- ասաց նա:
Հարցին, թե իսկ գուցե ծագման երկրի այլ փաստաթո՞ւղթ է ներկայացվել, իսկ ապրանքը չի ստուգվել սահմանին, ՍԱՊԾ պետն ասաց, որ համաձայն օրենքի՝ սահմանային հսկողության ժամանակ բեռը բացվում ու զննվում է:
Ինչ վերաբերում է խնձորի որակին, ապա ՍԱՊԾ պետն ասաց, որ լաբորատոր փորձաքննությունն ընթացի մեջ է, առաջիկա օրերին հավանաբար պատրաստ կլինեն արդյունքները:
Մանրամասները տեսանյութում
Նյութի աղբյուրը՝ Lragir.am