Փետրվարի 7-ին 28 անհատի կողմից հայտարարություն-ծանուցում է մուտքագրվել Արդարադատության նախարարաություն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու մասին: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով այդ 28 անհատների մեջ է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Սա անհատների նախաձեռնություն է, հրավիրում ենք Կոնգրեսի ուժերին նույնպես միանալու»,- ասաց Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ առաջիկայում ստեղծվելիք կուսակցությունը վտանգի տակ չի դնում ՀԱԿ դաշինքի գործունեությունը, քանի որ դաշինքը շարունակելու է գործել այնպես, ինչպես այսօր է գործում .«Ես վստահ եմ, որ բոլոր այն ուժերը ովքեր ցանկանում են պահպանել ՀԱԿ-ը (դաշինքը)` կպահպանեն»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Այն հարցին, թե ո՞վ է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը, Լևոն Զուրաբյանը դժվարացավ պատասխանել` ասելով, թե ինքը ցանկանում է, որ կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Զուրաբյանն ասաց նաև, որ ՀԱԿ կուսակցությունը լինելու է սոցիալ-լիբերալ գաղափարախոսության կրողը և վարելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:
ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա սույն թվականի մարտի 22-ին: