ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը եւ փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:
Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ:
Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին:
Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին եւ ամրապնդել դրանք:
Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ եւ նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի եւ խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու եւ տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր եւ արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով եւ խիզախումներով, որոնք լույս, ջերմություն եւ բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի»: