Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկեցին ՀՀ 2012թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներն ըստ առանձին ոլորտների կտևեն մինչև հունիսի 5-ը: Հաշվետվության նախագիծն այնուհետև կընդգրկվի ԱԺ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված և ԱԺ-ի քննարկմանը ներկայացված հաշվետվության նախագծի՝ 2012 թ.-ի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 946,2 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 100,14%-ը: Հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների տարեկան ծրագիրը կատարվել է 100,04%-ով, այլ եկամուտները գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշը 11,3%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 82,2%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 4 մլրդ դրամ:

Ծախսերը կազմել են 1 տրիլիոն 6,1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93,4% կատարողական: Վերջինս պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ:

2012 թ.-ի պետբյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 132,2 մլրդ դրամի 45,3%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ծախսերի կատարողականով:

2012 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրլն 508,7 մլրդ դրամ (3 մլրդ 738,3 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 37,9%-ը` 2011 թ.-ի 1 տրլն 376,5 մլրդ դրամի (3 մլրդ 568,2 մլն ԱՄՆ դոլար) և 36,4%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 3 մլրդ 143,7 մլն ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության անմիջական վարկային պարտավորություններն են, իսկ 594,6 մլն ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: