Politik.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին ռուսական «Միր 24» հեռուսատաալիքին տրված հարցազրույցի շրջանականերում հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու «Իսլամական պետության» դեմ: «Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են», – նշել էր նա:
Լավրովը իր այս հայտարարությամբ խախտում է հայ-ռուսական միջպետական պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թ-ի մայիսի 15-ի Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1991թ-ի դեկտեմբերի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի հիման վրա և Կողմերի օրենսդրություններին համապատասխան»: Նույն պայմանագրի 24-րդ հոդվածը ամրագրում է, որ «ռուսական կողմը չի օգտագործի ռուսաստանյան ռազմակայանը սույն Պայմանագրով չսահմանված նպատակների համար»:
Իսկ ահա Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վերոնշյալ պայմանագրերից որևէ մեկով ամրագրված չէ Հայաստանի սահմաններից հեռու գտնվող «Իսլամական պետության» դեմ պայքարը:
Փաստորեն Ռուսաստանի Դաշնության իշխանությունները իրենց մեկ հայտարարությամբ Հայաստանը դարձնում են թիրախ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման համար, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա: Հետաքրքիր է, որ լռում են նաև ընդդիմադիր կուսակցությունները: Եվ սա գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու այն տպավորությունը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում է Մոսկվայում:
Հետաքրքիր է, որ ամիսներ առաջ, երբ Ազգային Ժողովում քննարկման էր դրվել մի նախագիծ, որով Հայաստանի ԱԺ-ն պետք է դատապարտեր Իրաքում եզդիների նկատմամբ իրականցվող ցեղասպանությունը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում էին, որ անհրաժեշտ չէ նման հայտարարություն ընդունել: Իսկ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ մի քանի հազար եզդու համար չարժե ԻՊ թիրախ դարձնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Եվ սա այն դեպքում, երբ դատապարտող տեքստում իշխանությունների խնդրանքով անգամ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման անունը չէր նշվել:
ՌԴ Արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո՝ Հայաստանը այլևս «Իսլամական պետության» խմբավորման համար անմիջական վտանգ է ներկայացնում և հետևաբար ահաբեկիչները փորձելու են ուղիղ գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ:
Ստացվում է՝ հանուն Լավրովի, կարելի է զոհել մի ամբողջ պետություն և այն դարձնել ահաբեկիչների համար ուղիղ թիրախ: Իսկ եզդիները թող ցեղասպանվեն՝ չէ որ նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չեն ու չեն կարող խնդիրներ ստեղծել իշխանությունների համար:
Նյութի աղբյուրը՝ Politik.am