168.am-ը գրում է.
Մայիսյան տոնական լրատվության մեջ համարյա աննկատ մնաց տնտեսական մի լուր: Մինչդեռ այդ լուրն արժանի էր ուշադրության ու լուրջ վերլուծության: Այս ամսվա սկզբին Հայաստանում էր ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի «Տրուդ» կարի արտադրական ձեռնարկության փոխտնօրենը: Նա ժամանել էր պայմանագրեր կնքելու:
Հայտարարվեց, որ ռուսաստանյան ձեռնարկությունը պայմանագրեր է կնքել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և մեր զինված ուժերին մատակարարելու է համազգեստ՝ ձմեռային ու ամառային զինվորական կոստյումներ, զինվորական գոտիներ: Այս ընկերությունը նաև կարելու և Հայաստան է առաքելու զինտեխնիկայի ծածկոցներ:
Լրացուցիչ հայտարարվեց, որ ՌԴ արտադրական ձեռնարկության հետ բանակցում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Խոսքն այս դեպքում հրշեջների մարտական համազգեստի, ձեռնոցների մատակարարման մասին է: Տարածված տեղեկատվության մեջ նաև ակնարկ կար, որ ՀՀ Ոստիկանությունը ևս, հնարավոր է, համազգեստներ պատվիրի ռուսաստանյան այդ ձեռնարկությանը: Մի կողմ թողնենք այն, որ հրշեջների մարտական համազգեստն իսկապես հարկավոր է պատվիրել համապատասխան սարքավորում ու տեխնոլոգիաներ ունեցող արտասահմանյան ձեռնարկությանը: Զուտ այն պատճառով, որ նման պատվեր կատարելու ի վիճակի արտադրական միավոր Հայաստանում չկա և երբեք չի եղել:
Բայց ի՞նչ է կատարվել կարի հայաստանյան ֆաբրիկաների հետ, որ համազգեստ կարելու պատվերը տրվում է արտասահմանյան ձեռնարկության: Խորհրդային Հայաստանը թեթև արդյունաբերության նախարարություն չուներ: Մեր երկրի տեքստիլ ու կարի ձեռնարկությունները համակարգում էր Տեղական արտադրության կոմիտեն: Կարի արտադրական խոշոր ձեռնարկություններ կային Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Մասիսում և բազում այլ բնակավայրերում:
Դրանց մի մասն առ այսօր շարունակում է գործել: Գործել՝ անվանափոխվելուց ու վերազինումից հետո: Այսինքն՝ Հայաստանում կան և բավարար տեխնոլոգիական մակարդակ ունեցող ձեռնարկություններ, և անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատուժ: Վերջին անգամ կարի արտադրական հայաստանյան ձեռնարկությունները հասարակական ուշադրության կենտրոնում են եղել 2015-ին: Այն էլ՝ միանգամից երկու դրվագով: Առաջին դեպքը կապված էր խորհրդային տարիներից հայտնի «Գարուն» արտադրական միավորման հետ:
Անհասկանալի պատճառով ձերբակալվել էր սեփականատերը՝ ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր («Բարգաված Հայաստան» խմբակցությունից), խորհրդային ժամանակներից հեղինակություն վայելող արտադրող, 73-ամյա Գոհար Ենոքյանը: Ամիսներ անց, երբ կարճվեց քրեական գործը, սեփականատերը հայտարարեց, որ իր հետ կատարվածի իրական նպատակը ձեռնարկությունը խլելն էր: Հավանաբար ոմանց թվացել էր, որ քաղաքի կենտրոն համարվող տարածքներն արտադրության համար չեն:
Բայց հենց նույն 2015թ. մայիսին այդ պահին գործող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա: Վարչապետին ներկայացրել էին ձեռնարկությունը՝ ասելով, որ այն տարեկան 700 հազար բաճկոն է արտահանում Իտալիա և Գերմանիա: Ընդ որում, տարբեր տեսակների բաճկոններ: Որովհետև միայն Խորհրդային Միությունում էին կարի ձեռնարկությունները հարյուր-հազարավոր «տիրաժով» նույն ապրանքատեսակն արտադրում:
Արևմտյան սպառողը շատ ավելի քմահաճ է, և խորհրդային «շիրպատրեբը» նրա քիմքին հարմար չէ: Պաշտոնական լրատվությունը, կառավարության պաշտոնական կայքը ոգևորված նշել էր, որ ձեռնարկությունում հազար 200 հարյուր աշխատող կա: Վարչապետը խոստացել էր 450 մլն դրամով աջակցել «Գլորիա» կարի ֆաբրիկային, իսկ սեփականատերերն ի պատասխան՝ խոստացել էին ևս 200 աշխատատեղ ստեղծել: Որովհետև ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտար իտալական հանրահայտ մի ձեռնարկության հետ սկսել բարձրորակ ջինսերի արտադրություն: Իսկ հիմա մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում:
Մեր երկրում, փաստորեն, կա բարձրորակ ջինս կարելու հոսքագիծ, բայց մենք ռուսաստանյան կարի ֆաբրիկային ենք պատվիրում ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ ականանետերի ծածկոցներ: Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչպե՞ս կարող է տեղական արտադրողը եվրոպական սպառողին գոհացնող բաճկոն կարել, բայց ի վիճակի չլինել կարել ռազմական հանդերձանք:
Այս տարի նախ՝ G20-ի երկրների, ապա՝ Համաշխարհային բանկի տարեկան հաշվետվության տեքստերից հանվեց երկրների կառավարությունների տնտեսական պրոտեկցիոնիզմ-հովանավորչությունը քննադատող «ավանդական» հատվածը: Որովհետև անգամ Եվրամիության անդամ երկրները հասկացան, որ սուվերեն պետությունների կառավարությունների առաջին նպատակը հենց սեփական երկրի արտադրողի շահերը պաշտպանելն է:
Ի վերջո, նրանք են աշխատատեղեր ապահովում և հարկեր մուծում պետբյուջե: Բայց մեր կառավարությունը գերադասում է ֆիզիկական ու իրավաբանական անձ-հարկատուներից հավաքած բյուջեի պետպատվերը տեղաբաշխել արտերկրում:
Համաշխարհային տնտեսական կառույցների այս տարվա գործունեությանը հետևած բոլոր մասնագետները կասեն, որ սա տարօրինակ մոտեցում է: Մոտեցում, որը տնտեսական բացատրություն ունենալ չի կարող: Իսկ եթե կա, ապա հետաքրքիր կլիներ լսելը:
Նյութի աղբյուրը՝ 168.am