«Ադրբեջանի ընդդիմության հասցեին Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն արդեն մի քանի տարի քարոզվող ստի կրկնությունն է»,- contact.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ մեկնաբանելով Հեյդար Ալիևի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները ընդդիմության հասցեին:
«Նա կարծում է, որ եթե սուտն անընդհատ կրկնի՝ իրականություն կդառնա: Միլիոնավոր մարդիկ ականատեսն են, թե ինչպես է հենց Հեյդար Ալիևը հայերին հանձնել 6 շրջաններ: Շուշին և Լաչինն օկուպացված էին Ազգային ճակատի իշխանության գալուց առաջ: Մեր կուսակցության կառավարման տարիներին ազատագրվել է Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը: Կորցրել ենք միայն մեկ շրջան՝ Քելբաջարը: Եվ դա կատարվել է Ռուսաստանի ջանքերով ու մեր կուսակցությանն իշխանությունից հեռացնելու նպատակով»,- ասել է Քերիմլին: