«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…
Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է Սուրբ Մարկի դպրոցը: Յոթ տարի աշխատել է «Jindal Telecom» ընկերությունում՝ որպես մենեջեր: Առաջին դերն ստանձնել է 2009 թվականին «Shraddha» («Շրադհա») հեռուստասերիալում, այնուհետև 2010 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել «Dill Mill Gayye» («Սրտերի հանդիպում») և գլխավոր դերով՝ «Baat Hamari Pakki Hai» («Մենք պայման ունենք») հեռուստասերիալներում:
«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին Բարուն Սոբտին զբաղեցրել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց շարքի» 10-րդ հորիզոնականը: Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ Արնավի դերի համար:
Մեզ հաջողվեց հարցազրույց վերցնել հայտնի դերասան Բարուն Սոբտիից:
– Պարոն Սոբտի, խնդրում եմ նշեք Ձեր դերասանական կարիերայի սկիզբը և ընթացքը:
– Դերասանական գործունեությունս սկսել եմ 2009 թվականից: Դելիում էի աշխատում, երբ ընկերներիցս մեկը՝ Կարան Վահին, ինձ տարավ Մումբայ` ներկայացմանը ունկնդրելու (քասթինգի): Ես դեռ նոր էի սկսել դերս, երբ պրոդյուսերներն ինձ ընդունեցին որպես ներկայացման դերասան:
– Ե՞րբ Ձեզ կայացած դերասան զգացիք, ո՞ր տարիքում:
– 2009 թվականին՝ 25 տարեկան հասակում, ես հասկացա, որ դերասան եմ:
– «Ի՞նչ կոչել այս սերը» (“Iss Pyaar Ko Kya Naam Doon?”) հեռուստասերիալի համար Դուք ստացաք չորս մրցանակ: Ցանկալի է իմանալ Ձեր հոր արձագանքն այդ առթիվ:
– «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը իմ սիրած շոուներից է մինչ այսօր, ես կարոտում եմ այդ օրերը: Երբ հայրը տեսավ իմ մրցանակները, հիացմունքով արձագանքեց և ասաց. «Դու շատ խելացի ես, և ես հպարտանում եմ քեզնով: Աստված քեզ պահապան, շարունակիր այդպես»:
– Ունե՞ք նախընտրած դերասան, որին կցանկանայիք նմանվել:
– Ես ուզում եմ խաղալ Ամիր Խանի նման, քանի որ նա իմ սիրած դերասանն է:
– Ո՞ր գրողի ստեղծագործությունն է ձեզ հրապուրում:
– Ինձ հրապուրում է Գաուտամ Հեջեի (Gautam Hedge) ստեղծագործությունը:
– Ձեր տիկինը սիրո՞ւմ է Ձեր կյանքը արվեստում:
– Այո, նա ինձ վստահում է, և դա ինձ բավարար է:
– Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր պատկերացմամբ:
– Հայաստանը գեղեցիկ երկիր է, և ես շատ շուտով կժամանեմ Հայաստան: Սիրում եմ իմ հայ երկրպագուներին: