Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց ի գիտություն, ինչպես ինքը նշեց, մամուլի որոշ ներկայացուցիչների, որ Սերգեյ Կուրղինյանին հրավիրել է ՀՀ Քաղաքագետների միությունը, քանի որ այսօր է լրացել Կարեն Դեմիրճյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու 15 ամյակը:

«Սա Կրեմլի նախաձեռնությունը չէ, սա Քաղաքագետների միության առաջարկն է»,­ հայտնեց Հովհաննիսյանը: Վերջինս խիստ բարկացել էր այն առիթով, որ մամուլում Կուրղինյանի մասին բազում բացասական նոտաներ են շրջանառվել, և «խորհուրդ տվեց» ինտրիգների հետևից գնացող մամուլի ներկայացուցիչներին քննարկել՝ Ծառուկյանն ընդդիմություն է, թե ոչ: 
Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով Կուրղինյանին մեր երկրում միշտ էլ վերաբերվում են որպես հայի: «Ես Կուրղինյանի դեմ անձնական ոչինչ չունեմ: Ուղղակի չլինի, թե ռուսական բոլշեււիկնների պես գան, հայկական արյան հաշվին հաճո դառնան Ռուսական կայսրությանը: Ուստի, մենք ակնկալում ենք օգտակար մի քայլ անել Հայաստանի համար»,­ նշեց Շիրինյանը:
Հմայակ Հովհաննիսյանն իր խոսքում նաև նշեց, որ Կուրղինյանին Հայաստան հրավիրելով՝ նպատակ են ունեցել հասկանալու՝ արդյոք կարող է Հայաստանը ընդհանուր նպատակային ծրագրեր ունենալ Ռուսաստանի հետ, և եթե կան այդպիսի ծրագրեր, որոնք են դրանք: 
Լ.Շիրինյանը Սերժ Սարգսյանի չգնալը ՀԱՊԿ ոչ պաշտոնական ժողովին գնահատեց դիվանագիտական դեմարշ քայլ, ինչի հետ չհամաձայնեց Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքերով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռացիոնալ մտածող ղեկավար է, և բոլորն սպասում են նրա հետագա ճիշտ քայլին: «Ոչ մի դեմարշ էլ չէ: Շատ է պատահում, որ նախագահներից որևէ մեկը հանդիպումներին չի ներկայանում: Պետք չէ լվից ուղտ սարքել»,­ ավելացրեց քաղաքագետը: Իսկ Շիրինյանի խոսքերով՝ այն հայտարարությունը, որն արեց նախագահ Սարգսյանը երեկ Սարդարապատում, թե մենք հաղթեցինք, քանի որ մեր հույսերը դրել էինք միայն մեզ վրա, ողջունելի և մեծ գնահատանքի է արժանի: