NEWS.am-ը գրում է.
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի գնդակոծումը եւ ռազմական տեխնիկան ոչնչացնելու փորձը այս պետության ահաբեկչական էության հերթական դրսեւորումն է: Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը:
«Բարեբախտաբար, ղարաբաղյան կողմը կորուստներ չունի: Ո՛չ մարդկային, ո՛չ ռազմական տեխնիկայի: Մասամբ վնասվել է վառելանյութի մեքենան»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են միջազգային հանրության դեմ. «Ադրբեջանը մի քանի տարի փորձում էր հասնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը եւ վիջիվերջո հասավ դրան, կազմակերպություն, որի հովանու ներքո են անցկացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, միջազգային հանրությունը մինչ օրս հանդես չի եկել Բաքվի գործողությունների դեմ խիստ արձագանքով: Մինչդեռ արդեն ժամանակն է: Այս ագրեսիան, վերջին հաշվով, ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի դեմ, այլ նաեւ ԵԱՀԿ-ի եւ ամբողջ միջազգային իրավունքի»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ չնայած Ադրբեջանի գործողությունները տրամաբանական են, այնուամենայնիվ մի քանի գործոններ կան, որոնք նրան խթանում են: Առաջին հերթին երկրի տնտեսական վիճակի վատթարացումը, այդ թվում՝ Ադրբեջանի Միջազգային բանկի փակումը, որը որպես «հուսալի» բանկ էր քարոզվում: «Իրականում Ադրբեջանը տնտեսական ճգնաժամի շեմին է: Դրան գումարած, որ տնտեսական վիճակի վատթարացումն արտացոլվում է սոցիալական իրադրության վրա: Աճում է բնակչության անվստահությունը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիր կայքերը փակեցին, այնուհետեւ ընդհանրապես արգելեցին «Ազատություն» ռադիոկայանի եթեր արձակումը:
Սա սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն է: Իսկ բնակչությանը խնդիրներից շեղելու համար շեշտադրումը կատարվում է արտաքին սպառնալիքի գործոնի վրա, եւ այս հարցում Ադրբեջանի իշխանությունները ոչ մի մեթոդից չեն խորշում՝ պարբերաբար սադրանքների դիմելով»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ համանման փորձերը անհաջող կլինեն:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am