ԼՂՀ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից «Սպայկ» կառավարվող հրթիռի կիրառումը պայմանավորված է անպատժելիության զգացումով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։
Նա փաստեց, որ Ադրբեջանը մշտապես ավելացնում է լարվածությունը սահմանին։ «Ադրբեջանը դիմում է լարվածության ուժգնացմանը, քանի որ նրան ներկա վիճակը ձեռնտու չէ։ Ադրբեջանին զսպելու միակ տարբերակն է յուրաքանչյուր նման քայլին պատասխան հարված հասցնելը։ Եթե մենք Ադրբեջանին էական նյութական վնաս չհասցնենք, ու Ադրբեջանը չհասկանա, որ գնդակոծելով հայկական գյուղերը, նա կասկածի տակ է դնում իր սեփական գյուղերը, այս ամենը կշարունակվի»,- շեշտեց Արա Պապյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը մոտ 55 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ-ի հետ շփման գծում։ Շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) եւ հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am