Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր կսկսվի պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Վահե Եփրիկյանի գործով դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Ըստ մեղադրանքի, տեսուչն, ով սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների հայտնաբերման, ստացված հաղորդումների, ահազանգերի օրինական ու ժամանակին ստուգման համար պատասխանատվություն կրող, իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պաշտոնատար անձ է, «անձնական դրդումներով կազմել և շրջանառության մեջ է դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հաստատող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր»: Ըստ մեղադրական եզրակացության, 2013 թվականի փետրվարի 3-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետը տեղամասային տեսուչ Վահե Եփրիկյանին է հանձնարարել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Լյովա Նազարյանի` իր տան բակում ծառ կտրելիս անզգուշությամբ մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ «Աբովյան» բժշկական կենտրոնի ստացված ահազանգի ստուգումը: Ըստ մեղադրանքի, ստուգումը ժամանակին, լիարժեք և սահմանված կարգով կատարված լինելու մասին իր ղեկավարության մոտ տպավորություն ստեղծելու անձնական դրդումներով Վահե Եփրիկյանն առանց Լյովա Նազարյանի և դեպքին առնչվող մյուս անձանց հետ հանդիպելու և տեղազննության կատարելու 2013 թվականի փետրվարի 5-ին կազմել և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետին է հանձնել Լյովա Նազարյանից և վերջինիս հարևանից բացատրություններ վերցնելու, ինչպես նաև մտացածին ընթերակաների մասնակցությամբ տեղազննություն կատարելու մասին կեղծ արձանագրություններ: Դրանց հիման վրա ներկայացվել է նաև կեղծ եզրակացություն` Լյովա Նազարյանի` անզգուշությամբ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը հարևանի կողմից հաստատելու, հանցագործության դեպքի բացակայության և նյութերը ոստիկանության բաժնի թղթապանակին կցելու մասին: Վահե Եփրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական կեղծիքը: