Աստանայում չորեքշաբթի օրը մեկնարկում է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրազԷՍ) գագաթնաժողովը, որին եւս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններից չորսի` Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի նախագահները երեկ հավաքվել էին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ անցնում էր կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հայաստանի եւ Բելառուսի նախագահները այդ հանդիպմանը չմասնակցեցին:

 

Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը զանազան մեկնաբանությունների առիթ էր դարձել, մինչդեռ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրությունում ասված է, որ Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները Ղրղըզստանի մայրաքաղաք չէին գնացել, քանի որ գագաթնաժողովի օրակարգում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վերաբերող հարցերն էին:

Բիշքեկից նախագահները մեկնել են Ղազախստանի մայրաքաղաք, որտեղ այսօր բացվելու է ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովը, ընդ որում` հանդիպմանը մասնակցելու է նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղրղըզստանը հայտ է ներկայացրել Մաքսային միությանը անդամակցելու, իսկ Ուկրաինան`  այդ միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչիում էր, որտեղ կայացել էր նրանց հինգ ժամանոց հանդիպումը:

ԵվրազԷՍ-ում Հայաստանը ունի դիտորդի կարգավիճակ: