Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը կարող է գործել, նա նշել է, որ դա բանակցությունների հիմքում է վերջին 12 տարիներին։
«Մոսկովյան հանդիպումից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած, տարածքներ՝ խաղաղության դիմաց տրամաբանությամբ»,- մասնավորապես ասել է նա։ ՀՀ ԱԳՆ խոսնակը հակադարձել է այս հայտարարությանը՝ նշելով.
«Ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման բովանդակությունն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների կողմից հրապարակված հաղորդագրություններում»:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ Մամեդյարովի հայտարարությունն ապատեղեկատվություն է.
«Որևէ նախագահ, որևէ քաղաքական ուժ, համոզված եղեք, չի գնա այնպիսի լուծման, որ խաղաղության դիմաց տարածքներ զիջի։ Հակառակը՝ այդպիսի զիջումը կբերի պատերազմի, որովհետև, եթե մենք տարածքներ ենք զիջում, մեր շփման գիծը երկու անգամ ավելանում է, մենք կորցնում ենք այն առավելությունները, որ այսօր ունենք, մենք կորցնում ենք ճանապարհները, որ ապահովում են զորքի տեղաշարժը, հասանելի են դառնում բոլոր մեր շրջկենտրոններն Արցախում։
Դա բերում է իրավիճակի կտրուկ փոփոխության՝ հօգուտ Ադրբեջանի։ Հետևաբար՝ նա դա հորինում է»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի հիմնադիր-ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ է այն կարծիքին, որ Մամեդյարովը ստում է.
«Եթե նման բան լիներ, Մամեդյարովը չէր բավարարվի անմիջապես հանդիպումից հետո արված շատ զուսպ հայտարարություններով, որից ակնհայտ էր, որ կողմերը որևէ բան չեն էլ քննարկել։ Մամեդյարովն այդ ժամանակ բավական անորոշ բան էր ասել, ուղղակի հաստատել էր, որ հանդիպել են, և ոչինչ ավելին։ Եվ դա արել էր ադրբեջանական լրատվամիջոցներին տրված իր մեկնաբանություններում։ Այնպես որ, եթե նա նման տպավորություններ ունենար, կհայտներ անմիջապես հանդիպումից հետո, այլ ոչ թե դրանից որոշ ժամանակ անց։ Ակնհայտ է, որ նա փորձում է այլ քաղաքական խնդիրներ լուծել, քան բուն կարգավորման գործընթացին վերաբերող որևէ հարց»։
Սաֆարյանի խոսքով՝ նմանատիպ հայտարարություններով ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդել, հատկապես, եթե խոսում են, թե 12 տարի խոսակցություններն այդ մասին են. ««Տարածքներ՝ կարգավիճակ դիմաց» բանաձևին միգուցե հայկական իշխանությունները համաձայնություն տվել են, բայց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին՝ ոչ»։
Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբո՞ւնքն է ընկած այն ծրագրում, որը ստացել է «Լավրովի պլան» անվանումը։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ռուսական ծրագիրը հենց դա է ենթադրում.
«Թերևս, Մամեդյարովն ուզում է հերթական անգամ ցույց տալ, որ իրենք ռուսական պլանին կողմ են, իսկ Հայաստանը՝ ոչ։ Դա ավելի շատ հիշեցնում է հայ-ադրբեջանա-ռուսական «ռազբորկա», և Մամեդյարովն ուղղակի ուզում է ցույց տալ, թե Հայաստանը որտեղ է գտնվում Ռուսաստանի առաջարկած կարգավորման ծրագրում։
Վաղարշակ Հարությունյանը, մինչդեռ, այլ կարծիքի է. ««Լավրովի պլան» չկա, դա ապատեղեկատվություն է։ Ընթանում է լրատվական պատերազմ, տեսնում եք՝ Ադրբեջանի նախարարն ինչ է ասում, նա ասում է, որ նման տարբերակը հնարավոր է։ Բայց նա ստախոս է, որևէ ժամանակ «խաղաղության դիմաց՝ տարածքներ» բանաձև չի եղել։ Ես 1992թ. եղել եմ բանակցությունների մասնակից, երբ նա, դեռ չգիտեմ՝ որտեղ էր, և այդպիսի քննարկում չի եղել ու չի էլ կարող լինել։
Նորից եմ ասում՝ չկա մի քաղաքական ուժ Հայաստանում, որը կգնա այդպիսի տարբերակի։ Ադրբեջանական կողմը նման ապատեղեկատվություններ է տարածում, որպեսզի կասկած մտցնի հայ-ռուսական հարաբերություններում։ Բնական է, մենք էլ այնպես կանենք, որ Ադրբեջանի դաշնակցի մոտ կասկած առաջացնենք։ «Լավրովի պլան» հնարավոր չէ՝ լինի, որովհետև դա պետք է լինի մյուս համանախագահների հետ համաձայնեցված, և ամենակարևորը, որ հայկական կողմն այդպիսի տարբերակի չի գնա, եթե նույնիսկ Լավրովը դա ասի։ Դա բերելու է պատերազմի, բերելու է նրան, որ այն զոհերը, որ մենք տվել ենք, անիմաստ են լինելու։ Այնպես որ, մի հավատացեք նման բաների»։
Բանակցությունների ձգձգումը նշանակո՞ւմ է արդյոք, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ավելի մեծ թվով տարածքներ, քան պատրաստ է զիջել հայկական կողմը։ Այս հարցին ի պատասխան՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ադրբեջանական կողմը վերջին ամիսների միջադեպերից հետո մի կողմից՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը խաղաղ կարգավորման կողմնակիցն է, բայց մյուս կողմից՝ անցել է հայկական կողմին կորուստներ պատճառելու ստրատեգիային, ինչն ունեցել է միշտ. «Բայց նման հայտարարություններով փորձում են լեգիտիմացնել ռազմական սադրանքները, որ, քանի որ իրենք կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ Հայաստանը դեմ է, բնականաբար, իրենց ոչինչ չի մնում, քան նման ռազմական գործողությունները։ Թերևս, այս հայտարարությունը նաև դա արդարացնելու միջոց էր»։
Ռազմական գործողությունները, ըստ նրա՝ շարունակություն կունենան. «Հայաստանը վերստին գտնվում է անցյալի արատավոր շրջանում, որից դուրս գալ ո՛չ կարողանում է, ո՛չ էլ ցանկանում է։ Ընթանում են բանակցություններ, որոնք ուղեկցվում են նման կորստաբեր գործողություններով։ Իհարկե, վերջին տարում հայկական կողմն այդքան էլ սիրահոժար չի մասնակցել այդ հանդիպումներին, բայց նույն վերջին հանդիպումը, կարգավորման առումով, իհարկե, ոչինչ չէր տալու, բայց լեգիտիմացնելու էր անցյալի արատավոր այդ շղթան»։
Նույն հարցի վերաբերյալ Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ բանակցությունները ձգձգելով՝ Ադրբեջանը մեկ խնդիր է լուծում. «Ուզում է շանտաժով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ մի կողմից՝ կազմալուծի հայկական պետությունները, բարոյալքի մեր հասարակությանը, դրա համար գնում է այդ սադրանքներին։ Մյուս կողմից՝ նա ճնշում է համանախագահներին, որ նրանք մի տարբերակ բերեն, որը կբխի իրենց շահերից։ Դա չի ստացվում, դրա համար Ադրբեջանը դիմում է այդպիսի շանտաժների»։