Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կատարած աշխատանքի համար, և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ առևտրշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Կողմերն անդրադարձել են նաև մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությանը, հայաստանյան բուհերի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործում երկկողմ փոխգործակցության հնարավորությանը:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետը կարևորել է նաև դրա շրջանակներում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը, մասնավորապես, սննդի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հարցում:
Դեսպան Հաուգեն վստահեցրել է, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կանի ամեն ինչ՝ նպաստելու հայ-նորվեգական կապերի զարգացմանը: