Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ այսօր՝ մայիսի 20-ին, փակել են Էջմիածին-Երեւան ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Էդգար Օհանյանը նշեց, որ իրենք դժգոհում են մթերվող գյուղմթերքի գնի էժանացումից:
«Գյուղմթերքի գնային տատանում է եղել, «Սպայկա» ընկերությունը չի կարողանում իր ապրանքն արտահանի, դրա համար էլ տարել է սուպերմարկետների պահեստներն է լցրել ու գյուղմթերքի գինը միանգամից ընկել է: Էսօր 40 դրամով վարունգ են ծախում, 300 դրամով պոմիդոր են ծախում ու գյուղացին չի կարողանում իր ապրանքը վաճառի»,-ասաց նա:
Էդգար Օհանյանի խոսքով, այս պահին գյուղացիները պահանջում են վարչապետին, նրանք չեն պատրաստվում բացել ճանապարհը, մինչեւ իրենց խնդրին լուծում չտրվի:
«Փոխմարզպետներն են էստեղ, մենք պահանջեցինք մարզպետին, բայց չբարեհաճեց գալ: Փոխմարզպետներն էլ չեն կարողանում հարցին լուծում տալ, չգիտեն՝ ոնց ասեն, ինչ ասեն: Պահանջում ենք վարչապետին, տեսնենք ինչ է ասում, ժողովրդին ասում էին, թե գյուղմթերքը արտահանելու են, բայց դրսի շուկայի մասին խոսք չկա»,-ասաց նա:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am