Երեւանի քաղաքապետարանը բոլոր տնտեսվարողներին ծանուցումներ է ուղարկել՝ մինչեւ մայիսի 29-ը օրենսդրության պահանջներին հակասող գովազդները շտկելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեզվի պետական տեսչության հետ համատեղ շրջայցերի շրջանակում համապատասխան օրենքների խախտումով գովազդային վահանակները կապամոնտաժվեն:
Շարունակվում են վարչական շրջանների շենքերի արտաքին տեսքի բարեկարգման եւ ձեւավորման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաեւ շենքերի պատերի եւ կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Բակային տարածքների ձեւավորման եւ նկարազարդման մասով Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 64 հասցեներում աշխատանքներն ավարտված են, եւս 25-ում դեռ շարունակվում են:
Զեկուցվել է նաեւ, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի, վարչական շրջանների, հասարակական կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ է մասնակցել մայիսի 24-ից 27-ը ԼՂՀ-ում կազմակերպված վրանային մարզաառողջարարական արշավին: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ԼՂՀ մարզադպրոցին է նվիրաբերվել մարզական գույք եւ համակարգչային տեխնիկա:
«Հին Երեւան» ծրագրի իրականացման, ինչպես նաեւ ժամանակակից արվեստի թանգարանի եւ համազգային թատրոնի նոր շենքերի կառուցման հետ կապված՝ հանձնարարվել է ներկայացնել նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր: